
ՆԳՆ-ից պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան․ Արցախի նախկին պետնախարար
Դիմել եմ «Հայփաս»-ին՝ կենսաչափական անձնագիր ստանալու համար, իսկ ՆԳՆ-ին ուղղված դիմումով պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան: Այս մասին գրել է Արցախի ՄԻ նախկին պաշտպան, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Եթե մերժեն, պատրաստվում եմ դատական կարգով վիճարկել այդ ակտը՝ հասնելով ընդհուպ մինչև ՄԻԵԴ: Վստահ եմ, որ իրավունքն ու արդարությունը մեր կողմից են, և վաղ թե ուշ հասնելու ենք մեր անձնագրերից այդ ցեղասպանական պետության բացառմանը:
Ի դեպ, 2024թ. ստացած ՀՀ իմ անձնագրում ծննդավայրս նշված է Ստեփանակերտ, իսկ նույնականացման քարտում՝ Հայաստանի Հանրապետություն. ահա ձեզ իրավական հետևողականություն ու որոշակիություն»,- նշել է նա։
Նշենք, որ ըստ ՆԳ նախարարության նոր որոշման՝ Արցախից տեղահանվածների անձնագրերում «Ծննդավայր» դաշտում հետայսու նշվելու է Ադրբեջան։


