
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչընդոտ ներկայացնելն ալիևյան օրակարգ է․ Սաղաթելյան
Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ մեր Սահմանադրությունը տարածքային պահանջներ է ներկայացնում, իրականության հետ որևէ աղերս չունի․ գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Փաստերով.
- Նախաստորագրված համաձայնագրի 2-րդ հոդվածում արդեն իսկ Ալիևի պահանջով ամրագրված է, որ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջ չեն առաջադրի։
- Նույն փաստաթղթի 7-րդ հոդվածով հստակ սահմանված է, որ կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել իր ներպետական օրենսդրության դրույթները՝ որպես համաձայնագրի չկատարման հիմնավորում։
- Ավելին, Հայաստանի Սահմանադրական դատարանն իր որոշմամբ արձանագրել է,որ Անկախության հռչակագրի այն դրույթները, որոնք ուղղակիորեն չեն վերարտադրվել Սահմանադրության տեքստում, իրավական ուժ չունեն և տարածքային պահանջ չեն ներկայացնում։
- Հետևաբար, Անկախության հռչակագիրը խաղաղության խոչընդոտ ներկայացնելը ալիևյան օրակարգ է, որի նպատակը հայ ժողովրդին նվաստացնելը և սեփական գործողությունները լեգիտիմացնելն է։
- Սա հարկավոր է հիշել և իմանալ, անկախ նրանից թե ինչ փաթեթավորմամբ այսօր կհրապարակվի Ալիևի հերթական պահանջը»,- նշում է նա։


