08 Հոկ
2025
23° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կաթնամթերքը թանկացել է․ ի՞նչն է պատճառը

Կաթնամթերքը թանկացել է․ ի՞նչն է պատճառը

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է վերջին 12 ամսվա գնաճի ցուցանիշը՝ 3,7%: Առանձին ապրանքատեսակների, օրինակ՝ կաթնամթերքի  դեպքում թանկացումը շատ ավելի զգալի է։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը պաշտոնական հարցում էր ուղարկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ հետաքրքրվելու, թե արդյոք նախատեսվում են սոցիալական ծրագրեր՝ ուղղված բնակչության բեռը մեղմելուն։ Նրա խոսքով՝ կաթնամթերքի գները վերջին օրերին աճել են միջինում 10 տոկոսով, ինչը լուրջ ազդեցություն ունի մարդկանց սոցիալական վիճակի վրա։

ABC media-ի հարցախույզը ցույց տվեց, որ մարդկանց համար զգալի է ոչ միայն կաթնամթերքի, այլև այլ մթերքների գնաճը։ «Եթե մարդը ստանում է 40․000 թոշակ, ո՞նց կարող է չտուժել թանկացումներից», – նշել է հարցման մասնակիցներից մեկը։

Մանրածախ առևտրի ոլորտի,  մասնավորապես՝ «Զովք» սուպերմարկետների ցանցի աշխատակիցները փաստում են, որ արտադրողները հաճախ իրենց հայեցողությամբ են որոշում գների փոփոխությունը։ Օրինակ՝ ամենաշատ վաճառվող ապրանքանիշներից մեկը՝ «Մարիաննան», վերջին օրերին իր արտադրանքի գները թանկացրել է 20-50 դրամով, իսկ մյուս արտադրողները՝ նույնիսկ 100 դրամով և ավելի։

Տնտեսագետ Աղասի Թավադյանը ABC media-ի հետ զրույցում նշել է, որ այս իրավիճակը պայմանավորված է ինչպես արտադրական ծախսերի աճով, այնպես էլ շուկայում մրցակցության պակասով։ «Կաթնամթերքը կենսական նշանակության ապրանք է, և դրա գնային փոփոխություններն անմիջապես ազդում են մարդկանց կյանքի որակի վրա։ Հատկապես ցածր և միջին խավերի շրջանում, քանի որ իրենց ծախսերի 30-50%-ը կազմում է հենց սննդամթերքը», – ասել է Թավադյանը։

Մրցակցության և սպառողների պաշտպանության հանձնաժողովից, արձագանքելով ABC media-ի հարցմանը, նշել են, որ գնային քաղաքականությունը որոշում է ազատ շուկան։

«Մենք հետևում ենք շուկային և անհրաժեշտության դեպքում վարույթ ենք սկսում գերիշխող դիրք ունեցող ընկերությունների նկատմամբ։ Սակայն շուկայում, որտեղ գերիշխող դիրքեր չկան, գնային քաղաքականությունը սահմանվում է շուկայի ազատ համակարգով»,-պարզաբանել են հանձնաժողովից։

Ռազմագերիներ