
Շնչառական խնդիրներ ունեցող անձանց խորհուրդ է տրվում սահմանափակել դրսում գտնվելու ժամանակը. Ավինյանը՝ օդի աղտոտվածության մասին
Երևանի կենտրոնում նկատվում է օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ. աղտոտվածության արժեքը կազմում է 105 և գտնվում է անառողջ միջակայքում զգայուն խմբերի համար. հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նրա խոսքով՝ դա պայմանավորված աշխարհագրական դիրքով:
«Մայրաքաղաքի այլ հատվածներում օդի որակը համեմատաբար ավելի բարվոք է: Թեև ընդհանուր բնակչության առողջության վրա այս ցուցանիշը կարճատև ժամանակահատվածում բացասական ազդեցություն չի առաջացնում, շնչառական խնդիրներով անձանց շրջանում այն կարող է բացասական ազդեցություն ունենալ։ Ուստի շնչառական խնդիրներ ունեցող անձանց խորհուրդ է տրվում սահմանափակել դրսում գտնվելու ժամանակը։ Խորհուրդ չի տրվում դրսում զբաղվել սպորտով», – հայտարարել է քաղաքապետը։
Առավոտվանից համացանցում լուսանկարներ են տարածվում, որոնցում ծուխը պատել է Երևանը։ Ծուխը տեսանելի է Նոր Նորքում, Քանաքեռ-Զեյթունում և մայրաքաղաքի այլ հատվածներում։
Նշենք, որ երեկ Ավինյանը հայտարարել էր, որ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է, և մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։