
Դառնում ենք ծաղրի առիթ մեր չկամների դիմաց․ հոգևորականները հավատարմություն են հայտնում Մայր Աթոռին և Վեհափառին
Երեկ՝ հունվարի 9-ին, մի քանի հոգևորական հայտնել էին, որ միանում են Նիկոլ Փաշինյանի՝ «եկեղեցու բարենորոգման» արշավին, ինչից հետո մի խումբ քահանաներ անվերապահ հավատարմությունն են հայտնել Մայր Աթոռին ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։
Տեր Արտավազդ քահանա Սիմոնյանը սոցցցանցի իր էջում հավատարմություն է հայտնել ավետարանական այս տողերով․ «Միշտ հաւատարիմ` մատչիմ ի համբոյր Ձերդ Սրբութեան օծեալ եւ սուրբ աջոյն»:
Տեր Սեպուհ քահանա Հակոբյանն էլ նշել է, որ դեմ է Եկեղեցին ու հավատացյալ ժողովրդին պառակտելու կործանարար գործընթացին։
Տեր Արտակ քահանա Սուլթանյանը խստորեն դատապարտել է Մայր Եկեղեցին ու հավատացյալ ժողովրդին պառակտելու փորձը։
Տեր Արսեն քահանա Փահլևանյանը Եկեղեցու հավատացյալներին հորդորել է․ «Այս ծանր օրերին մեզանից հեռու վանենք գայթակղություններն ու վիրավորանքները, աղոթենք մեր Սուրբ Եկեղեցու անսասանության համար, քանի որ Աստծուց զորավոր ուժ գոյություն չունի»։
Տեր Սևակ քահանա Սարիբեկյանն էլ ընդգծել է․ «Կեղծ օրակարգերի թելադրմամբ՝ խառնակությունը մտնում է Եկեղեցի՝ մեր եղբայրների անխոհեմ ընթացքի միջոցով, ու խաղաղությունը խաթարվում է մեր հավատացյալների մոտ, և դառնում ենք ծաղրի առիթ մեր չկամների դիմաց։
Ես ամաչում եմ իմ և ձեզ համար, ցավում՝ Հայրապետի համար։ Չեմ ցանկանա, որ նման զավակ ունենաք»։


