13 Հուն
2026
7° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խաչ՝ խաչի վրա․ Փաշինյանի հակաեկեղեցական արշավը միջազգային մամուլի էջերում․ իրադարձությունների ամփոփում

Խաչ՝ խաչի վրա․ Փաշինյանի հակաեկեղեցական արշավը միջազգային մամուլի էջերում․ իրադարձությունների ամփոփում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականին աննախադեպ արշավ է սկսել Հայ առաքելական եկեղեցու դեմ։ Այդ իրադարձությունները ողջ ընթացքում լայն արձագանք են ստացել թե՛ արևմտյան, թե՛ ռուսկան մամուլում։ Ստորև ներկայացնում ենք ակնառու հրապարակումների ամփոփումը։

Deutsche Welle -ն գրել է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից կաթողիկոս Գարեգին Բ-ի հասցեին ուղղված կոշտ քննադատությունը երկրում կառավարության և եկեղեցու միջև հարաբերություններում հազվագյուտ ճգնաժամ է առաջացրել՝ կասկածի տակ դնելով աշխարհիկ կառավարման և հոգևոր ինքնավարության միջև հավասարակշռությունը։ Գործակալությունը նկատել է, որ գործադիր իշխանության կողմից ՀԱԵ-ի ներսում գործընթացներին ազդելու փորձերն ընկալվում են որպես հոգևոր հաստատության ինքնավարության նկատմամբ ոտնձգություն։

Այս համատեքստում՝ եկեղեցու վրա ներկայիս հարձակումները ընկալվում են ոչ թե որպես բարոյականության համար պայքար, այլ որպես քաղաքական մրցակցին վերացնելու փորձ, թեկուզև` ոչ պաշտոնական։ Այսպիսով՝ Փաշինյանի և Հայ Առաքելական եկեղեցու միջև հակամարտությունը ոչ միայն կրոնական էթիկայի շուրջ վեճ է, այլև՝ խորհրդանիշների և ինստիտուցիոնալ հիշողության նկատմամբ վերահսկողության համար պայքար։

Московский Комсомолец-ը նշել է, որ Փաշինյանի գործողությունները եկեղեցին ամբողջությամբ իր վերահսկողության տակ վերցնելու, այն թուլացնելու և պառակտելու նպատակ ունեն։

BBC-ին նկատել է, որ եկեղեցու դեմ Փաշինյանի արշավը կարող է լինել կանխարգելիչ հարված պահպանողական ընդդիմության հենասյանը։  Այն  հիշեցրել է, որ կառավարության և եկեղեցու հարաբերությունները վատթարացել են 2020 թվականի՝ հարևան Ադրբեջանի դեմ պատերազմում պարտությունից հետո, երբ Գարեգին Բ կաթողիկոսը միացել է տարբեր քաղաքական խմբակցությունների կոչերին՝ պահանջելով վարչապետին հրաժարականը։ Փաշինյանը մնացել է իշխանության գլխին, իսկ եկեղեցին դարձել է կառավարության դեմ ուղղված ականավոր ձայն։

«Հայոց եկեղեցին դարձել է այլախոհության կենտրոն։ Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների միջև անձնական մրցակցությունների պատճառով՝ այն ներգրավում է իշխանություններից դժգոհներին», – նշվել է հոդվածում։ Քաղաքական վերլուծաբանները Հայաստանում ենթադրում են, որ սա կարող է լինել կառավարության կողմից եկեղեցու առաջնորդի վրա հանկարծակի հարձակման իրական պատճառը։ Վարչապետն ինքը կապել է իր դիրքորոշումը քաղաքականության հետ. «Մենք պետությունը վերադարձրինք ժողովրդին։ Հիմա մենք պետք է եկեղեցին վերադարձնենք ժողովրդին»։

Известия-ի դիտարկմամբ՝ ընտրություններին ընդառաջ Փաշինյանը սկսել է մաքրել  քաղաքական դաշտը այլախոհոհներից  և կրոնական շրջանակների ամենաակնառու ներկայացուցիչներից։ Փորձագետների կարծիքով՝ Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականության վրա Հայաստանի իշխանությունների հարձակումները կարող են նոր բողոքի ցույցեր առաջացնել հանրապետությունում։ Ինչպես ընդգծվել է, հանրապետությունում քաղաքական իրավիճակն ակնհայտորեն վատթարանում է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ իր հակառակորդների գործողություններն անվանել է «հեղաշրջման փորձ»։ Նրանք, իրենց հերթին, խոսում են 2026 թվականին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախօրեին ընդդիմության հետապնդումների մասին։

Osservatorio Balcani e Caucaso Transeuropa-ն, այս առնչությամբ, ընդգծել էր, որ 2026 թվականի ընտրությունները կարող են դառնալ Հայաստանի անցյալի և ապագայի միջև հաշվեհարդարի վերջնակետը։ «2026 թվականի ընտրությունների մոտենալուն զուգընթաց, այս դիմակայությունը կարող է դառնալ Հայաստանի անցյալի և ապագայի միջև վերջնական հաշվեհարդար։ Այն, ինչ սկսվել էր որպես քաղաքական բախում Փաշինյանի և անհնազանդ հոգևորականության միջև, այժմ վերածվել է լայնածավալ պայքարի՝ Հայաստանի և ազգային ինքնության համար՝ հետղարբաղյան դարաշրջանում»,- գրել է կայքը:

Известия-ի հետ զրույցում փորձագետները նշե են, որ եկեղեցու վրա ճնշման աճը հանրապետությունում ընտրությունների նախապատրաստման սկզբնական փուլն է։ Ինչպես նշվել է, Փաշինյանը ռադիկալ ձևով է տրամադրված, կոշտ և իսկապես կպայքարի իշխանության համար բոլոր հնարավոր միջոցներով, կընդլայնի իշխող կուսակցության լիազորությունները 2026 թվականին, որպեսզի այն պահպանի մենաշնորհային դիրքը խորհրդարանում։ Դրա համար նա մաքրում է դաշտը։ Սրանք կանխարգելիչ հարվածներ են։

Ռուսական Առաջին հեռուստաալիքը ևս ռեպորտաժ է պատրաստել Հայ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ»։  Նշվել է, որ վարչապետ Փաշինյանի հակառակորդները վստահ են, որ նա ընտրություններից մեկ տարի առաջ ազատվում է իր մրցակիցներից։ Նա հոգևորականությանը դավադիր է հայտարարել։ Հիմա ամեն օր նոր ձերբակալություններ են լինում։

Ըստ Kommersant-ի՝ խաղադրույքին են ոչ միայն նոր խորհրդարանի տեղերը և վարչապետի աթոռն, այլև՝ Փաշինյանի կողմից առաջ քաշված «իրական Հայաստանի» նախագիծը, որը նա հակադրում է «պատմական Հայաստանի» հետ։ Նիկոլ Փաշինյանը, ով բացահայտումներ է արել «քրեաօլիգարխիկ հոգևորականության» մասին, ամրապնդում է անվտանգության ուժերի ղեկավարությունն իրեն հավատարիմ մարդկանցով:

National Catholic Register-ի փոխանցմամբ՝ Հայաստանը խաչմերուկում է․ եկեղեցի-պետություն պառակտումը փորձության է ենթարկում ազգի ապագան․  Դիտորդների կարծիքով՝ ճգնաժամը կարող է ավելի անկայունացնել աշխարհի ամենահին քրիստոնեական ազգը, որն արդեն իսկ սպառնալիքի տակ է Ադրբեջանի իրեդենտիստական հայացքների պատճառով։

Radio Free Europe/ Radio Liberty-ի պնդմամբ՝ եկեղեցի-պետություն դիմակայությունը կարող է վերաձևավորել Հայաստանի քաղաքական լանդշաֆտը և սփյուռքի հետ հարաբերությունները։ Հայաստանը կանգնած է անկախություն ձեռք բերելուց ի վեր եկեղեցի-պետություն ամենածանր բախման առջև։

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը ևս կոչ է արել ՀՀ-ի կառավարությանն անհապաղ դադարեցնել հոգևորականության դեմ ուղղված քաղաքական դրդապատճառներով գործողությունները։ Ինչպես նշվել է հայտարարությունում, այս զարգացումները վտանգավոր մարտահրավեր են Հայաստանի ժողովրդավարական հաստատություններին, ինչպես նաև ոտնձգություն են հայկական ինքնության հիմնական կառույցներին:  Ընդհանուր առմամբ՝ այս զարգացումները, մասնավորապես՝ ավագ հոգևորականության առանձին անդամների ձերբակալությունները, լուրջ մտահոգություններ են առաջացնում օրենքի գերակայության երաշխիքների թուլացման վերաբերյալ: Պետությունը որևէ ապացույց չի ներկայացրել հոգևորականների դեմ մեղադրանքները հիմնավորելու համար: Միևնույն ժամանակ՝ պետական մարմինների կողմից փաստաթղթավորված վարքագիծը, այդ թվում՝ կրոնական ծառայությունների վրա ազդելու, հոգևորական ղեկավարության վրա ճնշում գործադրելու և եկեղեցու ներքին կառավարմանը միջամտելու ջանքերը, քաղաքացիական խմբերի և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից խիստ քննադատության են արժանացել՝ որպես պետական օրինական լիազորությունների չարաշահում և եկեղեցի-պետություն բաժանման սահմանադրական սկզբունքների խաթարում։ Այս ճգնաժամը բարդացնում է Հայաստանի ներկայիս աշխարհաքաղաքական հետագիծը։

Բրիտանացի պատգամավոր Դենի Քրյուգերը The Times-ում գրել է, որ Փաշինյանը եկեղեցուն վերաբերվում է այնպես, կարծես այն քաղաքական ընդդիմություն լինի։ Ըստ նրա՝ Փաշինյանը հետևում է ավտորիտար առաջնորդների օրինակին. մրցակիցներին համարեք պետության թշնամիներ, ապա օգտագործեք պետության ուժը՝ նրանց քանդելու համար։

«Ես միայն կարող եմ աղոթել, որ Փաշինյանը որոշի փոխել իր միտքը և հաշտվի հայկական եկեղեցու հետ։ Աշխարհի քրիստոնյաները նույնպես պետք է իրենց ձայնը լսելի դարձնեն»,- նշել է պատգամավորը։

Eurasianet-ը նկատել է, որ Հայաստանում եկեղեցու և պետության միջև առճակատումը հասարակության և տնտեսության վերափոխման կառավարության ջանքերի շուրջ կարող է մոտենալ իր կուլմինացիային։

EADaily-ին, իր հերթին, նշել է, որ Փաշինյանը չի ունեցել, չունի և չի ունենա ժողովրդական մանդատ՝ Հայաստանում եկեղեցու ինստիտուտը ոչնչացնելու համար։ Փաշինյանի ղեկավարությունը փորձում էր լրատվամիջոցներում իրարանցում ստեղծել և դրա պատրվակով մարգինալացնել եկեղեցին։ Սակայն տեղի է ունեցել ճիշտ հակառակը. նրանք, ովքեր աջակցում են ներկայիս հակաեկեղեցական քայլերին, հանկարծ դարձել են մերժված դավաճաններ։ «Յուրաքանչյուր անցնող օրվա հետ Փաշինյանի կառավարության զզվելի արկածախնդրությունը քայքայում է նրա «մաքուր» վարկանիշի մնացորդները։ Եվ գործընթացն ինքնին բավականին բացահայտող է ներքաղաքական իրավիճակի զարգացման առումով»,- գրել է կայքը։

The Hill-ն ընդգծել է, որ Հայաստանում եկեղեցին դարձել է երկրի ավտորիտար ղեկավար, վարչապետ Փաշինյանի կողմից սանձազերծված դաժան արշավի թիրախ։ Եկեղեցու դեմ Փաշինյանի արշավի նպատակը երկրի ուշադրության շեղումն է իր գոյաբանական խնդիրներից։ Ինչպես ընդգծվել է, ողջ Հայաստանում մարդիկ խորապես դժգոհ են Փաշինյանի ղեկավարությունից և կարծում են, որ ազգը սխալ ուղղությամբ է ընթանում:

2020 թվականին Հայաստանի կողմից Արցախի կորուստը, որը նրա հիմնական ռազմավարական պաշտպանական բուֆերն էր, և հետագայում 120,000 հայ բնակչության արտագաղթը 2023 թվականին ազգային տրավմա են։ Փաշինյանը փորձել է միաժամանակ հերքել պատասխանատվությունը և շեղել մեղքը, մինչդեռ շատերը եկեղեցու կոշտ դիրքորոշումն այս ողբերգության նկատմամբ համարում են հոգևորականության հետ իր թշնամանքի հիմնական կատալիզատորը։ Եկեղեցին եռանդուն կերպով պաշտպանել է փախստականների իրավունքները և ընդգծել Փաշինյանի մեղքն այս ազգային նվաստացման համար։

Վկայակոչելով վարչական ռեսուրսների լայնածավալ չարաշահումը և կառավարության կողմից իր քննադատների նկատմամբ կիրառվող ճնշումները, Transparency International-ի կոռուպցիայի դեմ պայքարի կենտրոնը վերջերս հրապարակված զեկույցում նշել է, որ այս խնդիրները կասկածի տակ են դնում այս տարվա Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ազատությունն ու արդարությունը։

 

 

Ռազմագերիներ