
Ախթալայում գործադուլ է. ABC Media-ին բանակցությունների մասին մանրամասներ են հայտնի
Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի հանքափորները շարունակում են գործադուլը՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը։ Մի քանի օր է՝ նրանք հրաժարվում են հանք մտնել, ինչի պատճառով գործարանը աշխատում է մասնակի։ Բնապահպան Օլեգ Դուլգարյանի Facebook-ի էջից տեղեկանում ենք, որ Ախթալա և Շամլուղ համայնքների հանքափորները հանդիպել են կոմբինատի տնօրինության հետ, բայց՝ անարդյունք։
«Ղեկավարությունն ասել է, որ աշխատավարձերը չեն կարող բարձրացնել, հանքափորներն էլ պնդել են, որ եթե իրենց պահանջը չկատարվի, աշխատանքի չեն գնա»,- փոխանցեց ABC Media-ի աղբյուրը։
Ըստ տեղեկությունների՝ աշխատանքի չգնացող մոտ 50 հանքափորներից շատերը ստացել են աշխատանքից բացակայելու կարգապահական ծանուցագրեր։
ABC Media-ն տեղեկացավ նաև, որ հանքափորների և Ախթալայի կոմբինատի տնօրինության հանդիպմանը ներկա է եղել նաև Ալավերդի խոշորացված համայնքի համայնքապետ Դավիթ Ղումաշյանը։ Բայց, փաստացի, ընդհանուր հայտարարի չեն եկել։

