
Երևանում ավտոբուսի վարորդը դադարեցրել է երթևեկությունն ու իջեցրել ուևորներին․ ինչո՞ւ է նման որոշում կայացրել
Հաղորդավար Էրիկ Անթառանյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ թիվ 97 ավտոբուսի վարորդը Տիգրան Մեծ պողոտայում կանգնեցրել է տրանսպորային միջոցն ու ուղևորներին ասել՝ իջնեն։ Ըստ նրա՝ ավտոբուսի մեջ է եղել նաև իր 10-ամյա որդին։
«Երեխան խնդրել է գոնե բացատրել, թե ինչ այլ տրանսպորտով կարելի է հասնել Կոմիտասի պողոտա, բայց վարորդը չի պատասխանել։ Ասել է միայն, որ այլևս չի քշելու։
Հեռախոսով ուղղորդելով ու գեոլոկացիային հետևելով՝ ես օգնեցի, որ երեխան մետրոյով ու այլ տրանսպորտով տեղ հասնի։ Վճարած գումարը հեչ, բա երեխան որ հեռախոս չունենար, ո՞նց էինք տակից դուրս գալու, Երևանի՛ քաղաքապետարան»,- նշել է նա։
Որ նման միջադեպ այսօր՝ հունվարի 23-ին, եղել է, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից չհերքեցին՝ ավելացնելով, որ ոչ միայն այդ հատվածում, այլև մայրաքաղաքի այլ տեղերում ևս եղել են կամ, գուցե, դեռ լինեն նման խնդիրներ։
Ընկերության մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանն ABCMedia-ի հետ զրույցում նշեց, որ այսօր կեսօրին «Երևանի ավտոբուսը» հաղորդագրություն է տարածել, որ հաշվի անելով եղանակային պայմանները՝ հնարավոր է լինեն երթուղիների ուշացումներ։
«Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին, ապա դա տեղի է ունեցել վարորդ-ուղևորներ փոխադարձ համաձայնությամբ։ Ավելին, փակագծեր բացելով՝ ասեմ, որ եղել են դեպքեր, որ տեսնելով՝ ինչպիսի եղանակային պայմաններ են, ուղևորներն իրենք են առաջարկել և հորդորել վարորդին դադարեցնել երթևեկությունը։ Եղել են դեպքեր, երբ վարորդը, տեսնելով, որ ռիսկային է վարելը, գերադասել է դադարեցնել ընթացքն ու ապահովել մարդկանց անվտանգությունը։
Բնականաբար, հնարավոր չէ, որ (պայմանական ասած) եթե տրանսպորտում եղել է 10-ը ուղևոր, տասն էլ գոհ կամ դժգոհ լինեին երթևեկությունը շարունակելու կամ դադարեցնելու որոշումից»,- մանրամասնեց Ասատրյանը։


