01 Սեպ
2026
23° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ցածր գնահատականներ՝ հայոց լեզվից և պատմությունից․ դիմորդների զգալի մասը չի հաղթահարել շեմը

Ցածր գնահատականներ՝ հայոց լեզվից և պատմությունից․ դիմորդների զգալի մասը չի հաղթահարել շեմը

Ի՞նչ է իրականում մնում 12 տարվա կրթությունից, երբ աշակերտը նստում է միասնական քննության աթոռին։ Որոշ քննությունների արդյունքներ ոչ միայն վատ են, այլև խոսում են համակարգային խնդրի մասին․ ABC Media-ի հետ զրույցում նշել է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը:

«Շատ անհանգստացնող միտումներ կան, որ տարեց տարի ավելի է հաստատվում: Առաջին միտումը այն է, որ մեր դիմորդները, ուշադրություն, ավելի շատ հանձնում են քննություն օտար լեզվից, մասնավորապես, անգլերենից, քան թե հայոց լեզվից։ Եվ գնահատականները ավելի բարձր են օտար լեզվից, քան հայոց լեզվից։ Սա նշանակում է, որ հետընթաց է ապրում ազգային կրթությունը։ Մարդիկ այն ազգային դիմագիծը, որը պիտի ձևավորվեր դպրոցական հասակում և այն ազգային արժեքները, որոնք պիտի ուղեկցեին մեր դիմորդներին իրենց ուսանողական տարիներին, դրանից հետո, դրանք ի չիք են դարձել։ Այսինքն՝ չկան էլ ազգային արժեքները»,- ասել է Ատոմ Մխիթարյանը։

Այս տարի հայոց լեզու և գրականություն առարկայի միջին արդյունքը մոտ 10 միավոր է եղել, իսկ առաջին փուլում դիմորդների ավելի քան մեկ հինգերորդը չի հաղթահարել նվազագույն շեմը։ Այսինքն, խոսքը ոչ թե փոքր թվով դիմորդների մասին է, այլ հազարավոր երիտասարդների, որոնք դպրոցն ավարտելուց հետո նույնիսկ նվազագույն արդյունք չեն ապահովում մայրենի լեզվի քննությունից։

«Եվ պետք է հաշվի առնել, որ դիմորդները ովքեր են, ովքեր դպրոցում լավ են սովորում, դրանից հետո էլ կրկնուսույցի մոտ են լավ սովորում, և դրանցից երեքից մեկը չի կարողանում դրական գնահատական ստանալ։ Սա ուղղակի ապշեցուցիչ արդյունք է, որովհետև մասնագետ դառնալուց բացի այս մեր երեխաները վաղը մյուս օրը դառնալու են ազգի էլիտան, այսինքն մտավորականությունը բարձրագույն կրթություն ստացած և որոնք թելադրող են դառնալու իրենց արժեքներով։ Ցավոք սրտի հիմա մենք ունենք այս ողբերգական վիճակը կրթության ոլորտում»,- ընդգծում է Մխիթարյանը։

Ոչ պակաս կարևոր է հայոց պատմության քննության միջին արդյունքը գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալներով․ առաջին փուլում եղել է 10.9, երկրորդում 10.3։ Միաժամանակ դիմորդների մոտ մեկ երրորդը չի կարողացել հաղթահարել 7.5 միավորի նվազագույն շեմը, սակայն ցածր արդյունքը կարելի է կապել նաև գրքերի փոփոխման հետ՝ նշում է կրթության փորձագետը։

«Այս տարվա շրջանավարտները հայոց պատմություն ուսումնասիրել են, որից հետո պարզվել է, որ դա Հայաստանի պատմություն պիտի լինի, և այդ երեխաները հիմա չգիտեն՝ ինչ առարկայից են հանձնելու քննությունը, և այստեղ ևս մենք ունենք շատ աղետալի վիճակ, որովհետև շատ թեմաներ դուրս են մնացել վերջին դասարանի դասագրքերից։ Կա նաև 11-րդ դասարան, 10-րդ դասարան, որտեղ երկու տարի շարունակ ընդհանրապես դասագիրք չի եղել ոչ հայոց պատմության, ոչ էլ, այսպես կոչված, վերափոխված Հայաստանի պատմության, բայց, միևնույն է, նրանք պիտի հանձնեին այդ քննությունը, և պարզվեց, որ չեն կարողանում այդ քննությունը հանձնել, որովհետև այն, ինչ որ նրանք ուսումնասիրել են, եթե ուսումնասիրել են, դրա մասին չի ընդհանրապես ընդունելության քննությունը»,- ասել է Ատոմ Մխիթարյանը։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ