Բռնի տեղահանվածներից յուրաքանչյուրին անվերադարձ տրամադրել 5 մլն դրամ, շարունակել 40000+10000 դրամ աջակցությունը. Արցախահայության ներկայացուցիչներ առաջարկները
Արցախյան 32 կազմակերպություններ, ձևավորելով «Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը», մարտի 6-ին բաց նամակ են հղել ՀՀ կառավարությանը՝ արցախցիների բնակարանային կարիքների բավարարման քննարկվող ծրագրի վերաբերյալ:
Արցախահայերի ներկայացուցիչների առաջարկները ներկայացնում ենք ստորև.
Ծրագիրը հնարավորինս իրականացնել արցախյան համայնքների պահպանման սկզբունքով.- Ծրագրի իրագործման ժամկետը սահմանել 2 տարի՝ ակտիվ կերպով ներգրավելով միջազգային ու սփյուռքյան ֆինանսական ռեսուրսներ.
- Բնակելի անշարժ գույք ձեռք բերելու նպատակով յուրաքանչյուր բռնի տեղահանված անձի հատկացնել բազային 5,000,000 (հինգ միլիոն) դրամ, որը համապատասխանում է մարզային բնակավայրերի երկրորդային շուկայի միջին գներին.
- Նշված գումարը հատկացնել բոլորին անվերադարձելիության սկզբունքով՝ հաշվի առնելով Արցախի ժողովրդի ծանր սոցիալական վիճակը և զբաղվածության հնարավորությունների խիստ սահմանափակ բնույթը.
- Արդյունավետ միջոցներ ձեռնարկել բնակարանային շուկայի գների հետագա աճի կանխման ուղղությամբ, այդ թվում՝ աջակցելով նոր բնակֆոնդի էժան ու արագ կառուցապատման ծրագրերին.
- Հրաժարվել ծրագրի շահառուների համար ներկայացվող՝ ՀՀ քաղաքացիության պահանջից, որը հակասում է ՀՀ օրենսդրությանն ու միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին.
- Առանց կրճատումների շարունակել բնակվարձի և կոմունալ ծախսերի համար ֆինանսական աջակցության 40,000+10,000 դրամի ծրագիրը՝ մինչև տվյալ ընտանիքին բնակարանով ապահովելը.
- Փոքրակազմ (մինչև 3 անդամ) ընտանիքների համար ծրագրում նախատեսել առանձնահատուկ մոտեցում.
- Յուրաքանչյուր ընտանիքին, ըստ անդամների քանակի, հատկացնել ողջամիտ չափի ֆինանսական աջակցություն գույք ձեռք բերելու նպատակով.
- Ծրագրում սահմանել առաջնահերթություններ և լրացուցիչ արտոնություններ զոհվածների ու առաջին խմբի հաշմանդամների ընտանիքների համար.
- Ծրագրում նախատեսել նաև համակարգային լուծումներ Արցախից բռնի տեղահանված անձանց և հյուրընկալ բնակավայրերի բնակչության կայուն զբաղվածության ապահովման համար.
- Ծրագրի նախագիծը, ՀՀ օրենսդրությամբ ու իրավակիրառ պրակտիկայով նախատեսված կերպով, դնել հանրային լայն քննարկման և հաշվի առնել շահառուների մտահոգություններն ու առաջարկները:
Այս ծրագիրը, միանշանակ, պետք է նպաստի Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց միասնականությանը, ինքնության պահպանմանն ու արտագաղթի բացառմանը, ինչպես նաև ՀՀ ժողովրդագրական ու տնտեսական զարգացման որոշ խնդիրների լուծմանը: Այն պետք է ռազմավարական առումով հաշվի առնի նաև Արցախ հնարավոր վերադարձի նպատակը՝ անհրաժեշտ պայմաններ ու գործողություններ ապահովելով այդ նպատակի համար: