16 Հնս
2024
ABCMEDIA
Երևանում ավտոբուսները չեն գործում․ վարորդները գործադուլ են հայտարարել

Երևանում ավտոբուսները չեն գործում․ վարորդները գործադուլ են հայտարարել

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ վարորդներն ու աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ընկերությունում։ Վարորդները գործադուլ են հայտարարել և այս պահին Երևանում գրեթե ավտոբուսները չեն գործում:

Անդրադառնալով գործադուլին՝ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքյան սոցիալական ցանցի իր էջում  գրել էր, որ հասարակական տրանսպորտի որոշ երթուղիների վարորդներ չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները և ուղեգծերից դուրս են եկել: Երևանի քաղաքապետարանը վարորդների այս նախաձեռնությունը դիտարկել էր որպես սաբոտաժային քայլ՝ ընդդեմ տրանսպորտի ոլորտում իրականացվող բարեփոխումների:

«Շատերդ տեղյակ եք, որ այս ոլորտում տևական ժամանակ է իրականացվում են համակարգային բարեփոխումներ, որոնց արդյունքներից մեկն այն է, որ 20.05.2024 կայացած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի զեկույցից պարզ դարձավ, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում ավելի խիստ հսկողության արդյունքում ուղևորափոխադրումների շաբաթական հասույթներն աճում են, ստվերը կրճատվում է, ձեռնարկվում են գործուն քայլեր՝ մեր քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու ուղղությամբ:

Երևանի քաղաքապետարանը վարորդների այս նախաձեռնությունմն, ըստ էության, դիտարկում է որպես սաբոտաժային քայլ ՝ընդդեմ տրանսպորտի ոլորտում իրականացվող իրական և բովանդակային բարեփոխումների:

Առկա են ստույգ տվյալներ, որ վարորդների կողմից այսօր կատարված այս գործողություններն ուղղորդված են, ուստի հետամուտ ենք լինելու, որպեսզի այս գործողություններն իրականացնողներն ու կազմակերպիչները կրեն քրեաիրավական ամենախիստ պատասխանատվությունը:

Հայցում ենք ձեր ներողամտությունը՝ պատճառված անհարմարությունների համար և վստահեցնում, որ Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը ամենասեղմ ժամկետներում վերականգնելու համար»,- ասված է գրառման մեջ: