Սոթքում ու Վարդենիսում անհանգստացած են, որ սահմանագծումն ու սահմանազատումը շուտով հասնելու է իրենց բնակավայրերին. Գալեյան
Ամբողջ շարժման ընթացքում տարբեր երկրներից տեսնում են, թե ինչ է կատարվում Հայաստանում. Սուրբ Աննա եկեղեցու բակում ասել է զոհված զինծառայողի մայր Աստղիկ Գալեյանը:
Նրա խոսքով` զուգահեռաբար, իշխանությունը փորձում է Սփյուռքին հակառակը համոզել, որ երկրում ամեն ինչ լավ է, իրենք էլ լեգիտիմ են:
«Առաջին անգամ, երբ Աննա Հակոբյանը դուրս էր եկել փողոց, եթե հիշում եք, այդ օրը շարժումը տեղափոխվել էր Արաբկիր վարչական շրջան, դրա համար էլ հանգիստ շրջում էր փողոցով: Իսկ Փաշինյանն այն վայրերում է թիկնազորով հեծանիվ քշում, որ բոլորս էլ հասկանում ենք` խաղ է»,- ասել է Գալեյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե իշխանությունը շրջանառում է թեզ, որ ամբողջ ժողովուրդը դուրս չի եկել պայքարի, հետևաբար, իրենք չեն հեռանա, զոհված զինծառայողի մայրը պատասխանել է, որ 2018-ին էլ ամբողջ ժողովուրդը չէ,որ մասնակցել է իշխանափոխությանը:
«Ես ու ինձ պես շատերը 2018-ին դուրս չենք եկել փողոց: Այժմ բավականին մարդ է դուրս գալիս փողոց: Երեկ Սոթքում էլ, չնայած որ այնտեղ բնակչությունն արդեն քիչ է , բնակիչները նշել են, որ երբեք, այդքան մարդ չի հավաքվել»,-ասել է Աստղիկ Գալեյանը:
Նրա խոսքով` Վարդենիսում, մարդիկ անհանգստացած են, որ սահմանագծումն ու սահմանազատումը շուտով հասնելու է իրենց բնակավայրերին: