25 Նոյ
2024
12.3° c ԵՐԵՎԱՆ
1.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գանձասարի վանքի բանալիները հանձնել են Տեր Վրթանեսին՝ Արցախ վերադարձի հավատով

Գանձասարի վանքի բանալիները հանձնել են Տեր Վրթանեսին՝ Արցախ վերադարձի հավատով

Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը այցելել է Լոռու մարզի Տաշիր քաղաք, հայտնում են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմից։

Նշվում է, որ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կազմակերպմամբ Տաշիրի մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել Վրթանես Սրբազանի հանդիպումը արցախցիների հետ։ Հանդիպմանը մասնակցում էր Տաշիր քաղաքում և հարակից գյուղերում բնակություն հաստատած արցախահայությունը։

Հանդիպմանը ներկա էին Տաշիր համայնքի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Լևոն քահանա Դավթյանը, «Մունք» տեխնոդպրոցի հիմնադիր տնօրեն Աշոտ Ավանեսյանն ու սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Հայկ Տրունյանը։

Վրթանես Սրբազանը հարցերի միջոցով ընդհանուր պատկերացում է կազմել հիշյալ համայնքում բնակվող արցախցիների կացության վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև հետաքրքիր միջադեպ․ Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բնակիչներից մեկը մոտեցել է Սրբազանին և հանձնել բանալիներ։ Պարզվել է, որ վերջինս Գոռ Բաղդասարյանի ընկերն է, ով 90-ական թվականներին Գանձասարը պաշտպանողների շարքում էր։ 2023 թվականի տարհանման ժամանակ Գոռը իր հետ վերցրել էր Գանձասարի վանքի բանալիները: Հանդիպման ժամանակ նրա ընկերը բանալիները փոխանցել է Վրթանես Սրբազանին՝ հույս հայտնելով, որ բոլորս կրկին կվերադառնանք հայրենի Արցախ և նույն բանալիներով կբացենք հնագույն վանական համալիրի դռները։

Օրվա վերջում Սրբազան Հայրը այցել է Լեռնահովիտ բնակավայրում հաստատված արցախցի մի ընտանիքի՝ տեղում ծանոթանալու տեղահանվածների ներկայիս սոցիալական կացությանը։