24 Նոյ
2024
7.4° c ԵՐԵՎԱՆ
4.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կարինեն, որդին ու տասնյակից ավելի մարդիկ անհետ կորած հարազատներին են սպասում արդեն 11 ամիս

Կարինեն, որդին ու տասնյակից ավելի մարդիկ անհետ կորած հարազատներին են սպասում արդեն 11 ամիս

Արցախում զինվորականի ընտանիքում ծնվելը նշանակում է «պարտադիր շրջագայության մաս կազմել․ որտեղ ընտանիքի հայրը զորակոչվում է ծառայելու, այնտեղ էլ ապրում են մյուս անդամները։ Կարինե Բաղդասարյանը այդպիսի ընտանիքում է ծնվել, Մարտակերտից մինչև Մոսկվա շրջելով, վերջում Ստեփանակերտում մնացել։ Կրթություն ստանալու համար մայրաքաղաք տեղափոխվելը նրա համար ճակատագրական էր․ ամուսնացավ ու մինչև տեղահանությունը ապրեց հենց այնտեղ։

«Ես 21 տարեկան էի, ամուսինս՝ Սամվելը, 24 տարեկան, երբ ծանոթացանք։ Ամուսնացանք 2020 թվականի պատերազմից օրեր առաջ՝ սեպտեմբերի 13-ին՝ կորոնավիրուսի ակտիվ շրջանում։  Պատերազմի կիրակին պայթուններով արթնացրեց մեզ, Սամվելը ԱԱԾ-ի աշխատող էր։ Միանգամից գնաց աշխատանքի ու չտեսանք մինչև խայտառակ հրադադարը»,- պատմում է Կարինեն։

Հոկտեմբերի 2-ին Ստեփանակերտից դուրս եկան՝ անծանոթ մարդկանց ուղեկցությամբ։ Ամուսնու հետ չէր կարողանում խոսել։ Զանգահարեց հոկտեմբերի 13-ին ու կրակոցների ձայների տակ իրենց ամուսնության մեկ ամիսը շնորհավորեց։

«Լաց ու ծիծաղ խառնվել էր։ Հարազատներս փորձում էին ուրախացնել ինձ, փոքրիկ ճաշկերույթով շեղել։ Այդ երեկոյան հայրս էլ զանգեց։ Մեզ թվաց շնորհավորելու է, բայց մի կերպ, լացելով ասաց, որ եղբայրս է զոհվել։ Ամեն ինչ այնքան անիմաստ դարձավ, ինչպես ասում են՝ աշխարհը փլվեց»։

Կարինեն եղբոր հուղարկավորությանը չմասնակցեց, մայրը միայն գնաց Արցախ։ Եղբորը հուղարկավորելուց օրեր անց իմացան, որ զրուցակիցս հղի է․ մահն ու կյանքը մեկտեղվել էր նրա կյանքում։

«Պատերազմը ավարտվեց, մենք վերադարձանք Ստեփանակերտ։ Տղաս դեռ չծնված մեզ ապրեցնում էր, իրենով ամեն ցավ այնքան հեշտ էր թվում։ Ծնվեց Դավիթը ու մեզ թվաց, թե հաղթահարել ենք կյանքի փորձությունները։ Սկսեցինք ապրել հետպատերազմյան Արցախի առօրյայով»։

Մինչ վերանորոգվող մայրաքաղաքի առօրյային կսովորեին, շրջափակումը սկսվեց։ Անընդհատ հերթեր՝ հացի, կաթնամթերքի, պեղված մթերքի ու գյուղից բերված տնական ձվի։

Այդ օրերին Ստեփանակերտը հերթերի քաղաքի էր վերածվել․ կամ չափազանց հանգիստ էր, որովհետև ո՛չ լույս կար, ո՛չ հերթ, կամ անսովոր աղմկոտ, որովհետև երկուսն էլ կար՝ արագ «սպառվելու» սպառնալիքով։

«Սամվելը արդեն Ոստիկանությունում էր աշխատում։ Աշխատանքից հետո մյուսների պես փորձում էր երեխայի համար ինչ-որ բան գտնել, ամառային շրջանում թեկուզ մեկ սալոր, ծիրան։ Հիմա հետ հայացք գցելով այդ օրերին՝ հասկանում եմ, թե ինչքան երջանիկ էինք։ Ընտանիքով դուրս էինք գալիս քայլելու Ստեփանակերտի փողոցներով, մանկական դատարկվող խանութներից՝ հագուստի, խաղալիքի, մի բան գտնում Դավիթի համար, ուրախացնում»։

Այդ օրերին «լավ ծնող» լինելու զգացողության պակաս շատերը ունեին։ Ինչպե՞ս քեզ լավ զգաս, երբ գիտես՝ երեխա/ներդ այս գիշեր էլ կուշտ չքնեցին, կամ չքնեցին, որովհետև քեզ հետ հերթերում էին։

Հիշեցում․ Արցախում շրջափակման ժամանակ հացը կտրոնով դարձավ․ մեկ անձին կես հաց։ Եթե ընտանիքդ 5 հոգուց էր բաղկացած, լավ էր, եթե 5-ից ավելի, արքայություն։ Բայց դրանից պակասի դեպքում հաշվեք «կշտանալ» հացի փշրանքներով։ Հետո սկսեցին կռիվները՝ հերթերում, տարատեսակ ցուցակներ՝ տետրից մինչև ձեռքի ափին գրված համարներ, անքուն գիշերներ։ Օգոստոս ամսում հացի փուռում աշխատողների անգույն էին դարձել․ չգիտեին՝ բարկանային քիչ ալյուրից ու շատ հաճախորդներից, սմքած հացերից, թե իրենց համար հաց պահելու մտքերից։ Սեպտեմբերի 19-ի պայթունը մոռացնել տվեց բոլոր տեսակի հերթերը։ Արդեն ապրելու պայքար էր։

Այդ օրը Կարինեն երեխային մանկապարտեզ չէր տարել, հարևաններով հավաքված, բոված գարուց սուրճ էին պատրաստում։ Դրան պետք է հաջորդեր նրանցից մեկի պատշգամբում սուրճ խմելու արարողությունը։ Այն սուրճը, որ ամեն ինչի համ ուներ, բացի իր՝ սուրճի համը։ Նրանք հավատում էին՝ սուրճի բաժակում եփված գարու ջուրը սուրճ է, և ո՞վ ասաց, որ սեղանին դրված միակ բանը, օրինակ՝ խաղողը սուրճի հետ լավ չէ։

«Պայթունից հետո մի պահ մոռացա ամեն հնարավոր բան, հետո վերցրի տաք հագուստ ու երեխայի հետ վազեցի մոտակա նկուղը՝ եկեղեցու նկուղը։ Դավիթը մտածում էր կարկուտ է գալիս ու անընդհատ բարկանում էր այդ կարկուտի վրա։ Մի քանի օր նկուղում, հետո ՌԴ ռազմաբազայում, հետո մյուսների պես բռնեցինք գաղթի ճանապարհը»։

Ճանապարհին ավտոմեքենան փչացավ։ Ամուսինը՝ Սամվելը, կնոջն ու տղային տեղավորեց հոր ավտոմեքենայում, ինքը ետ՝ Արցախ գնաց։

«Ճանապարհին ուժեղ անձրև էր գալիս, պայթունի ձայն լսեցինք, բայց մեզ թվաց՝ ամպրոպ էր։ Կապի խնդիր էլ կար, այդ պահին ոչինչ չիմացանք։ Բարեկամներս հրապարակված ցուցակներում կարդացել էին նաև ամուսնուս անունը։ Ասել էին՝ տեղափոխվել է Երևան։ Նրանց գնացին Երևանի Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, մենք էլ ճանապարհին ուղիղ հասանք այնտեղ։ Պարզվեց ամուսինս չէ»։

Արցախի կորուստի, հետպատերազմյան վիճակի, օրեր շարունակ ճանապարհին մնալու ու ֆիզիկական ցավեր ունենալուն ևս մեկը ավելացավ։ Հիվանդանոցներ, դիարաններ, չմնաց, որ չայցելեին ու ամեն բացասական պատասխանով չգիտեին՝ ուրախանա՞լ, թե՞ տխրել։

«ԴՆԹ համընկնում չկար և չկա մինչ օրս։ Նույն ճակատագրով 21 ընտանիք է ապրում։ Բոլորս միասին տարբեր կազմակերպությունների ենք դիմում, Կառավարությանը, սակայն ոչ մի դրական առաջխաղացում չկա»։

Բենզալցակայանի պայթունի ժամանակ տեսել են՝ ադրբեջանցիները իբր օգնում են վիրավորներին՝ պատմում է Կարինեն։ Այնպես են օգնել ադրբեջանցիները, որ ամիսներ են անցել, չեն գտնում նրանց։ Ոչ մի տեղ չկան։

Ամենօրյա սպասումով են ապրում Կարինեն, որդին ու այդպես տասնյակից ավելի ընտանիք։ Դռան ճռռոցից վեր են թռչում, ընդառաջ գնում ցանկացած ոտնաձայնի, որ նրա ոտնաձայնին է նման, անընդհատ սպասում, սպասում, սպասում․ գուցե այս գիշեր մի լուր լինի, իսկ եթե հաջորդ օրը, շաբաթը կամ ամսին գա։

Մտքերը Կարիներին ու մյուսներին հանգիստ չեն տալիս։ Հայաստանի գործող իշխանության անտարբերությունն ու արհամարհական վերաբերմունքն էլ ավելի խորացնում ունեցած ցավը։