23 Նոյ
2024
9.3° c ԵՐԵՎԱՆ
11.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կյանքը հարազատ Մարտունու համար չխնայած քաղաքապետի հիշատակի օրն է

Կյանքը հարազատ Մարտունու համար չխնայած քաղաքապետի հիշատակի օրն է

«Մարտունու և մարտունեցու համար ամեն ինչ կանեմ». խոսքը գործի վերածեց Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը։ 44-օրյա պատերազմ, շրջափակում, վերջում էլ` մեկօրյա պատերազմ։ Հենց այս մեկը խլեց երիտասարդ հայրենասերի կյանքը, թաց թողնելով ընտանիքի, ընկերների ու հարազատ մարտունեցիների աչքերը, որոնք հիմա նայում են Ազնավուրի` շիրիմից ժպտացող նկարին ու չեն գտնում իրենց հարցերի պատասխանը։

Քաղաքապետ դառնալու առաջարկ Սաղյանն ստացավ 44-օրյա պատերազմից առաջ. որոշում կայացնելը հեշտ չէր։ Մարտունու վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը պատմում է, որ Ազնավուրը պայման դրեց ինքն իր առաջ՝ կդառնա քաղաքապետ, եթե իր գործը պիտի ծառայի հայրենիքին ու ազգին՝ առանց քաղաքական գործընթացներին խառնվելու։

Ու այդպես էլ եղավ։ Ազնավուր Սաղյանը, կարծես նախախնամությամբ, ճիշտ ժամանակին դարձավ Մարտունու ղեկավարը։ Նա պիտի բազում դժվարությունների դիմակայեր ու օգնության հասներ իր մարտունեցիներին։

Սկսվեց 44-օրյա պատերազմը, Ազնավուրը, որ քաղաքապետն էր ու թվում էր, թե պիտի զբաղվի քաղաքացիների կենցաղային հոգսերով, կամավորագրվեց ու մեկնեց մարտադաշտ։

«44-օրյա պատերազմի ընթացքում Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներով նստել ու զրուցում էինք։ Մտածում էինք՝ ինչ է լինելու։ Դե հին մարդիկ ենք, ասեցինք՝ պետք լինի մեռնել, կմեռնենք, բա ի՞նչ պիտի անենք։ Ազնավուրը, որն ավելի հեռու էր նստած մեզնից, սկսեց ծիծաղել։ Զարմացած նայեցինք իրեն, ասաց՝ դուք էլ անունով մեծ մարդիկ եք։ Ինչե՞ր եք խոսում, ի՞նչ մեռնել, ապրել է պետք. հանուն հայրենիքի ապրում են, չեն մեռնում»,- պատմում է Էդիկ Ավանեսյանը։

Հետո պիտի սկսվեր շրջափակումը, բայց դա էլ չպիտի կարողանար կոտրել Ազնավուրին։ Չընկճվող ու պայքարող Ազնավուրը համոզված էր` ամեն իրավիճակից ելք կա։

«Յուրաքանչյուր իրավիճակից կա ելք, եթե ունենք կամք ու վճռականություն, եթե կարողանում ենք պայքարել ու գիտենք` ինչի համար է, գիտենք՝ արդարացված է այդ պայքարը։ Իսկ այն, իմ խորին համոզմամբ, այդպիսին է»,- մի առիթով գրել էր Մարտունու քաղաքապետը։

Շրջափակված Արցախում չկար ոչինչ, ո՛չ սնունդ, ո՛չ վառելիք, ոչ էլ թիկունք, որի վրա կարելի էր հենվել։ Բայց ընկճվելն Ազնավուրինը չէր։ Սոված կամ տխուր մարտունեցի չկար։ Երեխաների առօրյա զվարճանքներից մինչև սնունդ. Ազնավուրն ամեն ինչի մասին էր հոգում։

Էդիկ Ավանեսյանը, որ Ազնավուրի մտերիմ ընկերներից էր, պատմում է, որ Ազնավուրը սնունդ տեղափոխելու «այլընտրանքային» ճանապարհ էր գտել։ Հայաստանից Մարտունի սնունդ ու մանկական կեր էր բերում, բաժանում մարտունեցիներին, ապա ուղարկում Արցախի այլ բնակավայրեր` մասնավորապես Ստեփանակերտ, որտռղ վիճակն ավելի ծանր էր։

Ամեն բան փոխվեց 2023 թվականի սեպտեմբերի 19-ին։ Թշնամու զինտեխնիկայի կուտակումն արդեն վաղուց էր նկատելի, բայց այդ օրը նաև զորքի կուտակումը երևաց. պարզ էր` պատերազմն էր չոքել Արցախի դռանը։ Ազնավուրը նորից կամավորագրվեց, իսկ մինչ այդ, իհարկե, հասցրել էր Մարտունիում պաշտպանական ջոկատ ստեղծել։

Քաղաքապետը զինակից ընկերների հետ պայքարեց Մարտունին պաշտպանելու համար, անգամ ազատագրվեց 44-օրյա պատերազմում կորսված մարտական դիրքերից մեկը, բայց… մինչև ատամները զինված թշնամու դեմ երկար պայքարել չստացվեց։ Ազնավուրն ու ընկերներն ընկան քաջի պես՝ չիմանալով, որ արցախցին վերջին ժամերն է անցկացնում հայրենի հողում։

Սաղյանն իր վերջին հարցազրույցում` ընկնելուց ժամեր առաջ ասել էր. «Կռիվ է, ժամանակ չունեմ… լավ եղեք»։

Լավ լինել է պետք` Ազնավուրին ու նրա նմաններին արժանի լինելու համար։

Սեդա Մակարյան