10 Դեկ
2024
3.6° c ԵՐԵՎԱՆ
-0.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանյան այցի «50 երանգները»

Ռուսաստանյան այցի «50 երանգները»

Տևական ժամանակ ռուսներին քննադատող ու ռուսական գործոնը «հայկական պետականության համար սպառնալիք» որակող Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ ինքնակամ գնաց Մոսկվա ու մասնակցեց ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին, ավելին` ներկա գտնվեց Վլադիմիր Պուտինի հոբելյանին, շնորհավորեց ու գրկախառնվեց վերջինիս հետ։ Իրականում, սակայն, Փաշինյանի մոսկովյան վերջին այցը բավական ուշագրավ ու ինտրիգային էր, քանի որ ռուսները բավական կոշտ ու ցցուն կերպով դրսևորեցին իրենց վերաբերմունքը Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի վերջին մի քանի տարիներին ցուցաբերած վարքագծի ու խոսույթի հետ կապված։

Նախ այս «գործընթացի» մեկնարկը բավական կտրուկ, շատերի համար անհասկանալի, ձևակերպեց Սերգեյ Լավրովը, երբ Արարատ Միրզոյանի հետ քննարկումը սկսելուց առաջ, «մինի-դիսկուրս» ծավալեց՝ հետաքրքրվելով «Հայաստանում կվադրոբերներ կա՞ն և եթե կան, ապա ինչպե՞ս են այստեղ դրա դեմ պայքարում»։ Ինչ խոսք՝ սա խորքային և իր մեջ մի շարք ենթատեքստեր ունեցող հարցապնդում էր։

Ինչո՞ւ հենց կվադրոբեր․ հանրային լայն տիրույթում քչերը գիտեն այդ շարժման «գաղափարախոսության» և «մարտավարության» մասին։ Սա հոգեբանական ու զուգահեռ իրականությունում ապրող մարդկանց մի հավաքական միավոր է, որտեղ մարդիկ՝ տվյալ դեպքում երիտասարդները (երեխաները), հայտարարում են, թե իրենք շներ են, կրում են շատ դիմակներ, քայլում են շների նման, իսկ իսկ իրենց ծնողներն ու ընկերները, որպես իրական «տերեր», նրանց տիրություն են անում՝ տանում են զբոսանքի, խաղում են ինչպես խաղում են կենդանիների հետ։ Այլ կերպ ասած՝ հոգեբանական բարդ ու պարադոքսալ մի վիճակ․ և այս թեման քննարկվում է ԱԳ նախարարների հանդիպումից առաջ, Լավրովը «պատահական» ակնարկում է այս երևույթի մասին (հասկանալի է, թե ինչու)։ Իրականում սա դիվանագիտական քնքուշ ապտակ էր, որը Միրզոյանը կա’մ չընկալեց, կա’մ ուղղակի չցանկացավ հասկանալ իր ռուս գործընկերոջ հիմնական մեսիջը։

Անցնեք առաջ․ հաջորդ փուլում հայտնի դարձավ, որ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանը չի միանում «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին: Այլ ձևակերպմամբ, սա նշանակում է, որ Հայաստանը չի աջակցում Ռուսաստանին՝ ուկրաինական պատերազմում այդ երկրի դեմ կիրառվող միակողմանի պատժամիջոցների դատապարտման, եվրասիական տարածաշրջանում հակաարևմտյան անվտանգային ճարտարապետության հարցում (այնինչ՝ նույն Ուկրաինան ժամանակին բոլոր հակահայկական գործողությունների ակտիվ ջատագովներից էր)։

Ռուսաստանյան այցի փաշինյանական սեգմենտը լրիվ աբսուրդի ժանրից էր․ Դումայի ֆոնին հողափաթերով, կիսավարտիքով գաջեթով խաղալ, նախագահների հանդիպմանը ոգևորված սուրճ խմել, և, իհարկե, աշնանային Մոսկվայում հեծանիվ քշել։ Ահա այն, ինչ տեսանք Փաշինյանի կատարմամբ։ Իսկ մինչ այդ հնչող սին ու փուչ խոսքերը` Հռոմի ստատուտի վավերացման, Պուտինին ձերբակալելու, «կայսրի գերին լինելու», «գուբերնիա դառնալու» և այլն մասով ոչ մի ձայն։

Հավելենք, որ Փաշինյանի մոսկովյան այցից առաջ շատ էր խոսվում եռակողմ (Փաշինյան, Պուտին, Ալիև) հնարավոր հանդիպման մասին, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ այն տեղի չի ունենա, և, ինչպես ռուսկան կողմը հայտարարեց, դա տեղի չի ունեցել «կողմերից մեկի անհամաձայնության պատճառով», ամենայն հավանականությամբ` դեմ արտահայտվել է Փաշինյանը, քանի որ Ալիևը, ով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման երկկողմ գաղափարի կնքահայրն էր, տրամաբանական է, որ չէր ցանկանա փչացնել ռուս-ադրբեջանական հարաբերությունները և դա արել է Փաշինյանի ձեռամբ։ Այսինք, անգամ, եթե Ալիևը չէր ցանկանում ռուսական հարթակում բանակցել, դա արեց ոչ իր դեմքով։ Պետք է արձանագրենք, որ ադրբեջանցիները փայլուն են խաղում ռուսների հետ՝ ամեն ինչ անելով նրանց չնեղացնելու համար, ընդամենն օրեր անց Կազանում տեղի է ունենալու ԲՐԻՔՍ-ի գագաթաժողովը և այն կարող է ունենալ բավականին հեռանկարային  զարգացումներ, ուստի Ալիևը բնականաբար չի ցանկանում որևէ կերպ անհարմար դրության մեջ հայտնվել։

Պաշտոնական հատվածից հետո Դմիտրի Պեսկովն ասել էր, որ «Զանգեզուրի միջանցքի» թեման հավանաբար շոշափվել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցի ժամանակ, ասել է թե՝ այս թեման աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններին անխտիր հետաքրքրում է, և բոլորն են շահագրգիռ հայ-ադրբեջանական լոգիստիկ կոմունիկացիաների ապաշրջափակման խնդրով, թե ո՞վ այդ հատվածում կիրականցնի վերահսկողությունը և ո՞վ կլինի առավել շահեկան դիրքերում։ Ըստ էության՝ առկա իրավիճակում նոյեմբերի 9-ի փաստաթղթում հստակ ֆիքսված է, որ վերահսկողությունն իրականցվելու է ռուսական ԱԴԾ-ի կողմից, սակայն ԱՄՆ-ն անընդհատ ակնարկում է պահնորդական ծառայության կողմից վերահսկողությունն իրականցվելու փաստի մասին։ Նշենք, որ իր վերջին «դասախոսության» ընթացքում Փաշինյանն ակնարկեց, որ չի բացառվում, որ, այնուամենայնիվ, «միջանցքը» վերահսկեն ռուսները։  Ակնհայտ է մի բան, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը խոսի «ՀՀ սուվերենության», «ՀՀ տարածքում ինքնիշխան որոշումներ» կայացնելու մասին, ակնհայտ է, որ ՀՀ այդ «աշխարհաքաղաքական երակի» վրա, ցավոք սրտի, օտար վերահսկողություն է լինելու։

Ինչ վերաբերվում է Ալիևին, ապա նա Կրեմլում բաց տեքստով շատ կոշտ մեսիջներ հղեց Արևմուտքին՝ կապված Ադրբեջանին ուղղված պատժամիջոցների հետ՝ ակնհայտորեն դրսևորելով կեցվածք։  Ըստ էության՝ Ալիևը ստեղծված իրավիճակում ոչ թե ռուսական կամ արևմտյան նարատիվներ է գեներացնում, այլ ուղղակի փորձում է սեփական պետության համար հարմար դիրքավորում ստանալ՝ ասելով, որ «ես այստեղ եմ՝ տարածաշրջանում»։ Ըստ էության՝ նա Արևմուտքին փորձում է հասկացնել, որ Ադրբեջանն՝ ի դեմս ՌԴ-ի ունի այլընտրանք, և իր խոսքում նա խոսում է բացառապես ու կոնկրետ Ադրբեջանի պատժամիջոցների մասին․ շատ գեղեցիկ ու հպանցիկ խոսում է ընդհանուր պատժամիջոցների մասին, սակայն հիմնական շեշտը իր երկրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների մասին էր։ Նա վերահաստատում է ՌԴ հետ ունեցած ընդհանուր մոտեցումների փաստը և Արևմուտքի հասկացնում, որ չի պատրաստվում նույն «լարի» վրայով քայլել։

Ի դեպ՝ պետք է փաստենք, որ աշխարհաքաղաքական բևեռների հարցում Ալիևը միշտ ունեցել է բալանսավորված մոտեցումներ, երբ մի կողմից ունենում է ինչ-ինչ դժգոհություններ, հարում է հակադիր բևեռին՝ բալանսավորելով իր քայլեր թե՛ Արևմուտքի, թե՛ ՌԴ-ի, թե՛ Թուրքիայի պարագայում, սակայն ուշագրավ է նաև այն, որ նշված կողմերին նա երբեք չի ակնարկում, որ անելու է որևէ աշխարհաքաղաքական ընտրություն։ Կարող ենք կանխատեսել նաև, որ Ալիևի համար ռուսները «կանաչ լույս» վառեցին, և չի բացառվում, որ նա ազատություն տա իր ձեռքերին, և առաջիկայում որոշակի կտրուկ քայլերի գնալ տարածաշրջանում՝ ավելի կոնկրետ Սյունիքում։

Հ․Գ․ Անկախ այն հանգամանքից, թե ռուսական տեղեկատվական սեկտորում ինչ որակի լուսանկարներ հրապարակվեցին ու տիրաժավորվեցին, ինչն իհարկե, անընդունելի է զուտ հայ լինելու ֆոնին, երբ ծաղրանքի է ենթարկվում քո դրոշը, շատ կարևոր է հիշատակել մի կարևոր հանգամանք. եթե փաշինյանական PR թիմն ու իմիջմեյքերներն այդքան վրդովվել ու նեղսրտել էին հրապարակված լուսանկարների անհարմար դիրքերից ու «ռակուրսներից», ապա պետք է առավել ուշադիր լինեն իրենց «շեֆի» ամենօրյա հագուկապին, խոսակցականին, փնթի պահվածքին ու անադեկվատ ժեստիկուլյացիային, որը գրեթե յուրաքանրչյուր բանական արարածի մոտ լուրջ մտահոգությունների ու մտավախությունների տեղիք է տալիս։ Վերջում հավելենք, որ, որպես կանոն, նման միջոցառումներին աշխատող պրոֆեսիոնալ լրագրողներն գիտեն՝ ինչը կարելի է հրապարակել, ինչը՝ ոչ, ուստի մինիմալ է հավանականությունը, որ նման աշխատելաոճի պարագայում լինեին կիքսեր կամ տարածվեին լուսանկարներ, որոնք կդիտարկվեն ոչ կոռեկտ, առավել ևս՝ անհարմար, իսկ ավելի ուշ՝ համապատասխան արձագանքից հետո, «ներողամտորեն» կհեռացվեին։ Ինչ ենք տեսնում «գետնի վրա»․ Փաշինյանը ներհայաստանյան տիրույթում «առյուծ» է՝ քննադատում ու սպառնում է բոլորին, փորձում ցույց տալ իրենց տեղերը, սակայն դրսում գլխիկոր ու հնազանդ կատարում է ցանկացած ցուցում՝ ընդունելով լրիվ այլ «երանգ»։

Արմեն Հովասափյան