23 Դեկ
2024
-2.4° c ԵՐԵՎԱՆ
0.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տարածաշրջանային լարվածության աճի պայմաններում՝ Իրանն ու Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացնում․ Barron’s

Տարածաշրջանային լարվածության աճի պայմաններում՝ Իրանն ու Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացնում․ Barron’s

Ամերիկյան հեղինակավոր Barron’s թերթն անդրադարձել է այս շաբաթ մեկնարկած Իրանի ու Ադրբեջանի համատեղ երկօրյա ռազմածովային զորավարժություններին Կասպից ծովում։ Նշվել է, որ երկրների պետական ԶԼՄ-ներն ազդարարել են հարևանների միջև հարաբերությունների բարելավման մասին՝ տարածաշրջանային լարվածության աճի պայմաններում:

Միևնույն ժամանակ, հիշվեցվել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները սրվել են 2023 թվականի հունվարին, երբ զինված անձը ներխուժել է Թեհրանում Բաքվի դեսպանատուն՝ սպանելով դիվանագետին և վիրավորելով անվտանգության երկու աշխատակցի։ Իրանի ԱԳՆ-ն այն ժամանակ խստորեն դատապարտել է հարձակումը՝ նշելով, որ դրա հիմքում ընկած շարժառիթները «անձնական» են:

Սակայն Ադրբեջանը քննադատել է Իրանին՝ պնդելով, թե հարձակումը խրախուսվել է հակաադրբեջանական արշավի կողմից: 2023 թվականի ապրիլին Ադրբեջանը Իրանի դեսպանատան չորս աշխատակիցների «անցանկալի անձ» է հայտարարել։ Իր հերթին, մեկ ամիս անց Իրանն արտաքսել է չորս ադրբեջանցի դիվանագետների։ Սակայն հուլիսին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը վերսկսեց իր բնականոն աշխատանքը:

Երկու երկրների միջև կապերը ավանդաբար սրվել են, քանի որ նախկին խորհրդային հանրապետությունը Իրանի պատմական հակառակորդ և ոխերիմ թշնամի Իսրայելի մերձավոր դաշնակիցն է:

Իրանը նաև մտավախություն ունի, որ Ադրբեջանի տարածքը կարող է օգտագործվել Բաքվին զենք մատակարարող Իսրայելի կողմից Իրանի վրա հնարավոր հարձակման համար: Իրանը և Իսրայելը վերջին ամիսներին ուղղակի հարձակումներ են իրականացրել միմյանց դեմ, որոնցից վերջինը հոկտեմբերի 26-ին իսրայելական ռազմական ինքնաթիռների կողմից իրանական ռազմական օբյեկտների դեմ էր, ինչը հանգեցրել է հինգ իրանցիների մահվան: