ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին նա հայտարարեց «Վալդայ» բանավեճի ակումբի նիստում։
ՌԴ նախագահի խոսքով՝ Թրամփին կարելի է ցանկացած կերպ վերաբերվել, որի մասին առաջին նախագահության շրջանում ասում էին, որ նա գործարար է, քիչ բան է հասկանում քաղաքականությունից, սխալներ կարող է թույլ տալ:
«Նրա պահվածքը մահափորձի պահին տպավորություն է թողել։ Նա խիզախ մարդ է, և խոսքը միայն բարձրացված ձեռքի և ընդհանուր գաղափարների համար պայքարելու կոչի մասին չէ»,– նշել է Պուտինը:
ՌԴ նախագահի խոսքով` մարդը ցույց է տալիս իրեն արտակարգ պայմաններում, իսկ Թրամփն իրեն ճիշտ ու տղամարդկային է դրսևորել։ Միևնույն ժամանակ Պուտինը նշել է, որ Թրամփը հետապնդվել է բոլոր կողմերից, և նա վախենում էր ձախ–աջ քայլ անել, ավելորդ բառ ասել։
«Ես չգիտեմ, թե հիմա ինչ է կատարվելու, գաղափար չունեմ։ Նրա համար սա այնուամենայնիվ վերջին ժամկետն է։ Թե ինչ է նա անելու` հարց է, բայց այն, ինչ մինչ այս պահը հրապարակավ ասվել է, ասվել է Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու, ուկրաինական ճգնաժամն ավարտին հասցնելուն նպաստելու մասին։ Դա իմ կարծիքով՝ առնվազն ուշադրության արժանի է։ Առիթից օգտվելով, ցանկանում եմ շնորհավորել նրան ԱՄՆ նախագահ ընտրվելու կապակցությամբ»,– հայտարարել է Պուտինը։
Ռուսաստանը կաշխատի յուրաքանչյուրի հետ, ում վստահություն կցուցաբերի ամերիկյան ժողովուրդը, հավելել է ՌԴ նախագահը։ Նա պատրաստ է քննարկումներ անցկացնել ու ամոթալի չի համարում Թրամփին զանգահարելը, բայց դա չի անում։ Բանն այն է, որ արևմտյան պետությունների ղեկավարները նախկինում գրեթե ամեն շաբաթ զանգում էին ՌԴ նախագահին, իսկ հետո հանկարծ դադարեցին: