27 Դեկ
2024
-0.1° c ԵՐԵՎԱՆ
1.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աստվածային պարգևն ու պատիժը․ նոր միտում՝ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների հռետորաբանությունում

Աստվածային պարգևն ու պատիժը․ նոր միտում՝ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների հռետորաբանությունում

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը գրառում է կատարել X հարթակի իր օգտահաշվում, որտեղ նա պատասխանել է ամերիկացի սենատոր Էդ Մարկի ելույթներին COP29-ում և Բաքվից վերադառնալուց հետո։ Հաջիևի խոսքով՝ «անջատողական առաջնորդների, այդ թվում՝ օլիգարխ Ռուբեն Վարդանյանի հանցագործությունների հետաքննությունը կհասցվի իրենց տրամաբանական ավարտին, և նրանք կներկայանան դատարան»։

Նա նաև ընդգծել է, որ  արցախցիները քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել «միայն անհատական հիմունքներով», և նրանց վերադարձը կքննարկվի Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան։ «Սակայն դա կարող է տեղի ունենալ միայն փոխադարձ հիմունքներով և Հայաստանից վտարված ադրբեջանական բնիկ բնակչության վերադարձի իրավունքի ճանաչմանը զուգահեռ», – նշել է խորհրդականը:

Հաջիևն այնուհետև կոչ է արել ամերիկացի օրենսդիրներին չլինել «հայկական լոբբիի գործիքները», ինչը խոչընդոտում է Հայաստանի հետ խաղաղությանը։

Անդրադառնալով կոնգրեսական Ֆրենկ Փալլոնի Բաքու ժամանմանը՝ Հիքմեթ Հաջիևը Ադրբեջանից նրա հապճեպ փախուստն անվանել է «աստվածային հատուցում ադրբեջանական ժողովրդի հանդեպ այն անարդարության համար, որին նա երկար տարիներ սատարում էր»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովի ժամանակ, նավթն ու գազն անվանել էր «Աստծո պարգև», ինչը միջազգային մամուլում մեծ արձագանք և դժգոհություն էր առաջացրել։ COP-ի նպատակն է պայքարել կլիմայական փոփոխությոնների դեմ՝ նվազեցնելով հանածո վառելիքի արտահանումը։