26 Դեկ
2024
-0.2° c ԵՐԵՎԱՆ
-2.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինը ստորագրել է միգրանտների փաստաթղթերը կեղծելու դիմաց տուգանքների մասին օրենքը

Պուտինը ստորագրել է միգրանտների փաստաթղթերը կեղծելու դիմաց տուգանքների մասին օրենքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է անօրինական միգրացիայի կազմակերպման նպատակով փաստաթղթեր կեղծելու համար մինչև 60 մլն ռուբլի տուգանք սահմանելու մասին օրենքը: Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում:

Փաստաթղթի հեղինակներն են Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Պետդումայի միգրացիոն քաղաքականության հանձնաժողովի ղեկավար, փոխխոսնակ Իրինա Յարովայան, խորհրդարանական բոլոր խմբակցությունների առաջնորդներն ու Պետդումայի պատգամավորները:

Օրենքը սահմանում է ավելի մեծ պատասխանատվության միջոցներ իրավաբանական անձանց համար՝ ապօրինի միգրացիա կազմակերպելու նպատակով անձի իրավունքի առկայությունը հաստատող փաստաթուղթ կեղծելու կամ նրան պարտականությունից ազատելու համար, ներառյալ Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու սահմանված կանոնների խախտումը, միգրացիոն հաշվառման կանոնները, տեղաշարժը կամ բնակության վայրի ընտրության կարգը, ՌԴ տարածքով տարանցիկ անցումը, ինչպես նաև ՌԴ-ում աշխատանքային գործունեության ապօրինի իրականացումը, դրա օգտագործումը, փոխանցումը կամ իրացումը:

Այդ իրավախախտումը պատժվում է 5-10 միլիոն ռուբլի տուգանքով` բռնագրավմամբ, իսկ կրկնակի խախտումը` 10-ից 60 միլիոն ռուբլի տուգանքով:

Բացի այդ, օրենքը խստացնում է պատասխանատվությունը անձը հաստատող փաստաթղթի կեղծման համար, որը հաստատում է անձի իրավունքի առկայությունը կամ նրան պարտականությունից ազատելը, ինչպես նաև դրոշմակնիք, կնիք, ձևաթուղթ կեղծելը, դրանց օգտագործումը, փոխանցումը կամ վաճառքը: Նման խախտումը ենթադրում է 40-80 հազար ռուբլի տուգանք՝ վարչական իրավախախտում կատարելու գործիքների բռնագրավմամբ, իսկ կրկնակի իրավախախտման համար՝ 100-200 հազար ռուբլի։

Պետական հաստատությունների համար, որոնք ներառված են կառավարության սահմանած ցանկում, սահմանված է վարչական պատասխանատվություն՝ ռուսաց լեզուն որպես օտար լեզու քննություն անցկացնելու պահանջների խախտման, տվյալների չներկայացման կամ ուշ ներկայացման, ինչպես նաև դաշնային տեղեկատվական համակարգում տվյալներ ներառելու կարգի խախտման համար։