Շվեյցարիայի ԱԳՆ-ն մերժել է Արցախի հարցով համաժողով հրավիրելու նախաձեռնությունը
Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ինյացիո Կասիսը մերժել է Լեռնային Ղարաբաղին նվիրված միջազգային համաժողով հրավիրելու նախաձեռնությունը, որը ներկայացրել էին պատգամավորները։ Տեղեկությունը հայտնում է Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը:
Պատգամավորները կառավարությանն առաջարկել էին 2025 թվականին համաժողով կազմակերպել հայ բնակչության վերադարձի շուրջ բանակցությունների համար: Խորհրդարանի ստորին պալատը հավանություն էր տվել գաղափարին՝ Դաշնային խորհրդին (կառավարությանը) կոչ անելով տարածաշրջանում քայլեր ձեռնարկել դիվանագիտական մակարդակով:
Խորհրդարանականները ցանկանում էին, որ այս համաժողովը թույլ տա երկխոսություն անցկացնել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ներկայացուցիչների միջև՝ հայերի հավաքական վերադարձի նպատակով։
Արտաքին գործերի նախարարը, սակայն, դեմ է արտահայտվել։ Կասիսն ասել է, որ այդ հակամարտությունը պետք է կարգավորեն Հայաստանն ու Ադրբեջանը։