Բաքվի «Ռուսական տան» և ԱՄՆ-ի USAID-ի գործունեությունը անհամեմատելի են․ Պրիմակով
«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը հաստատել է Ադրբեջանից Բաքվում ռուսական մշակութային կենտրոնի (Ռուսական տան) գրանցման անհրաժեշտության մասին գրության ստացումը. այս մասին նա հայտարարել է «”Россия-24» հեռուստաալիքի եթերում։
«Առայժմ մենք կարող ենք միայն հաստատել, որ Ադրբեջանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունից նոտա է ուղարկվել մեր Արտաքին գործերի նախարարությանը, որտեղ ասվում է, որ մեր ներկայացուցչությունը՝ Ռուսական տեղեկատվական և մշակութային կենտրոնը (ՌԻԿԿ), որը հայտնի է նաև որպես Ռուսական տուն, պետք է գրանցվի որպես իրավաբանական անձ տեղական օրենսդրությամբ», – նշել է Պրիմակովը։
Նա պարզաբանել է, որ «դա սկզբունքորեն նախատեսված է միջկառավարական համաձայնագրով, որը ստորագրվել է դեռևս 1997 թվականին»։ Պրիմակովի խոսքով՝ Մոսկվան միշտ պատրաստ է եղել Բաքվում գրանցել ռուսական տեղեկատվական-մշակութային կենտրոնը, սակայն նրա խնդրանքները մնացել են անպատասխան։
«Ե՛վ Ադրբեջանում մեր դեսպանատունը, և՛ մեր ներկայացուցչությունը, և՛ ԱԳՆ-ն այս տարիների ընթացքում բազմիցս դիմել են Ադրբեջանի ԱԳՆ-ին՝ խնդրելով օգնել մեզ գրանցման հարցում: Մենք միշտ պատրաստ ենք եղել դա անել, բայց մեր դիմումները մնացել են անպատասխան», – նշել է Պրիմակովը: Նա հավելել է, որ Ադրբեջանում «Ռուսական տունը» պետք է մեկուկես ամսվա ընթացքում ազատի իր վարձակալած տարածքները՝ տանտիրոջ կողմից մոտ ապագայում այն վաճառելու մտադրության պատճառով։
Պրիմակովը նաև ընդգծել է, որ Բաքվի «Ռուսական տան» և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությունը անհամեմատելի են, քանի որ «Ռոսսոտրուդնիչեստվոն» չի զբաղվում քաղաքական հարցերով՝ ի տարբերություն ամերիկյան կառույցի։ Պրիմակովը ուշադրություն է հրավիրել հրապարակումների վրա, որոնք պնդում էին, թե իբր Բաքվում «Ռուսական տան» գործունեությունը դադարեցվել է այնպես, ինչպես USAID-ի աշխատանքը, ինչը ճիշտ չէ։