Մի՛ տրվեք լրատվամիջոցների սադրանքներին, որոնք լրտեսական մոլուցք են քարոզում․ Զախարովա
Ռուսաստանն ակնկալում է, որ Բաքվում Ռուսական մշակութային կենտրոնի (Ռուսական տան) գրանցման հետ կապված իրավիճակը դրական լուծում կստանա։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Դեսպանատանը հաստատել են, որ Մոսկվան ադրբեջանական կողմից ծանուցում է ստացել «Ռուսական տան» գործունեության դադարեցման մասին։
«Ի պատասխան՝ ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել իրականացնել անհրաժեշտ գործողություններ «Ռուսական տան» գրանցումն ավարտելու համար և դա անել՝ բնականաբար, Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»,- նշել է նա։
«Մենք բազմիցս առաջարկել ենք այդ հարցը քննարկել դիվանագիտական ուղիներով համապատասխան խորհրդակցությունների շրջանակներում: Այդ առաջարկները գրավոր ուղարկվել են նաև ադրբեջանական կողմին: Ուստի՝ մենք ակնկալում ենք, որ այդ հարցը դրական լուծում կստանա»,- հավելել է Զախարովան:
Նա նաև կոչ է արել չտրվել լրատվամիջոցների սադրանքներին, որոնք լրտեսական մոլուցք են քարոզում։