10 Մար
2025
7.3° c ԵՐԵՎԱՆ
-0.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շտապ ազատե՛ք Բաքվում պահվող հայ գերիներին, Ադրբեջանում արդար դատ հնարավոր չէ իրականացնել․ սենատորներ

Շտապ ազատե՛ք Բաքվում պահվող հայ գերիներին, Ադրբեջանում արդար դատ հնարավոր չէ իրականացնել․ սենատորներ

Արցախ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի նախագահ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը ABCmedia-ին է փոխանցել Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Պուպոնիի և ևս 32 ֆրանսիացի գործող սենատորների, Ազգային ժողովի պատգամավորների և քաղաքապետերի ստորագրություններով կոչը՝ Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ազատ արձակման հորդորով, որն այսօր տպագրվել է Ֆրանսիայում ամենամեծ տպաքանակով հրապարակվող «Արևմտյան Ֆրանսիա» պարբերականում․

Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու կոչ.

«Բաքվում (Ադրբեջան) քաղաքական դատավարություններ են ընթանում Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) ներկայացուցիչների և քաղաքացիների դեմ։ Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Պուպոնին և շուրջ երեսուն խորհրդարանականներ ու տարբեր քաղաքական ուղղվածություն ունեցող ընտրված պաշտոնյաներ կոչ են անում միջազգային հանրությանը անհապաղ գործել՝ պահանջելու մեղադրյալների ազատ արձակումը։

1988-ի փետրվարին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովուրդը դուրս եկավ փողոց՝ մղված ազատության երազանքով։ Այն, ինչ սկսվեց որպես ձգտում, շուտով դարձավ նպատակ և, չնայած հսկայական զոհողություններին, ի վերջո հանգեցրեց ինքնիշխան Արցախի Հանրապետության ստեղծմանը:

Երեսունյոթ տարի անց՝ 2025 թվականի փետրվարին, Բաքվում դատավարություններ են ընթանում Արցախի Հանրապետության պատասխանատուների և քաղաքացիների դեմ։ Այս անձինք, ովքեր իրենց նվիրաբերել են իրենց ժողովրդին ծառայելուն այժմ բախվում երևակայական հանցագործությունների մեղադրանքով շինծու դատավարությունների։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը բազմիցս դատապարտել է Բաքվի ռազմական դատարանի կողմից կազմակերպված այս քաղաքական շոուն։ Ի նշան այս դատական ֆարսի դեմ բողոքի՝ 2025 թվականի փետրվարի 18-ին նա հացադուլ է հայտարարել ։ Մի երկրում, ուր խախտվում են Մարդու իրավունքների, ճնշվում խոսքի ազատությունը և բացակա է արդարադատությունը՝ նրա ճակատագիրը մեծ մտահոգություն է առաջացնում։

Բազմաթիվ մարդասիրական նախաձեռնությունների հեղինակ Ռուբեն Վարդանյանը միակը չէ, ով կանգնած է նման ճնշումների առջև։ Դատական հետապնդումների թիրախում են նաև Արցախի նախկին նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, Արցախի Ազգային ժողովի ներկայիս նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Լևոն Մնացականյանը և Դավիթ Բաբայանը, ինչպես նաև զինվորականներ ու բազմաթիվ քաղաքացիական անձինք։

Նրանց կյանքը վտանգված է

Այս քաղաքական բանտարկյալները մեղադրվում են շինծու հանցագործությունների մեջ, զրկված են պատշաճ իրավական պաշտպանությունից և ենթարկվում են մեղադրական եզրակացությունների՝ գրված անհասանելի լեզվով՝ առանց համապատասխան թարգմանչական ծառայությունների: Հարկադրանքի, վատ վերաբերմունքի և պատշաճ դատավարության խախտումների մասին հաղորդումներն ավելի են ընդգծում այս դատավարությունների անօրինականությունը:

Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անունից հիշեցնում ենք, որ ավելի քան 30 տարվա բանակցությունների ընթացքում Արցախի ընտրված օրինական իշխանությունները միշտ բացառել են ուժի կիրառումը։ Նրանք մշտապես կողմնակից են եղել խաղաղ կարգավորմանը՝ հիմնված ժողովուրդների ինքնորոշման իրավունքի և միջազգային իրավունքի նորմերի վրա։

Մենք համոզված ենք, որ այսօր բանտարկված արցախյան ղեկավարների խաղաղ մղումները և նրանց հավատարմությունը համամարդկային արժեքներին կարող են հաստատվել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին և ներկա համանախագահների կողմից, որոնք միջնորդական առաքելություն են ունեցել այս հակամարտությունում։ 1997 թվականից սկսած, Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, ուղիղ շփում են ունեցել Արցախի ղեկավարների հետ Ստեփանակերտում և իրենց մայրաքաղաքներում։

Կոչ ենք անում ազգային կառավարություններին և եվրոպական կառույցներին ձեռնարկել շտապ և կոնկրետ քայլեր՝ պահանջելու Ադրբեջանում պահվող հայ քաղաքական բանտարկյալների, այդ թվում և Արցախի ղեկավարների, ազատ արձակումը։

Մենք հրավիրում ենք բոլոր խորհրդարանականներին, հասարակական գործիչներին և քաղաքական առաջնորդներին, ովքեր երբևէ համագործակցել են Արցախի Հանրապետության հետ, միանալ այս կոչին։

Ժամանակը սուղ է. մեր անգործությունն այսօր կարող է որոշիչ լինել այն մարդկանց ճակատագրի համար, ովքեր իրենց կյանքը նվիրել են մարդու իրավունքների, ժողովրդավարության և արդարության պաշտպանությանը։

Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանում հնարավոր է անկախ և արդար դատ։ Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը ստորագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, Ադրբեջանը բացահայտորեն խախտում է արդարադատության հիմնարար սկզբունքները։ Հունվարի 17-ին սկսված կեղծ դատավարությունների առաջին իսկ օրվանից բացահայտվեց պատշաճ ընթացակարգի բացակայությունը, որը ներկայացնում էր շինծու մեղադրանքների բեմադրված տեսարան:

Ռուբեն Վարդանյանի հացադուլը խիստ նախազգուշացում է, որ եթե միջազգային հանրությունը չկարողանա գործել հիմա, դա կարող է հետագա հետապնդումներ հրահրել և ճանապարհ հարթել տարածաշրջանում քրիստոնյա փոքրամասնությունների դեմ նոր վայրագությունների համար:»։

Կոչին միացած անձիք

François PUPPONI, ancien député, Président du Cercle d’amitié France-Artsak (PS) ;

Michel AMIEL, Maire des Pennes Mirabeau (Les Indépendants – République et Territoires) ;

François-Xavier BELLAMY, Député européen (LR) ;

François BONNEAU, Sénateur de la Charente (Union Centriste) ;

Bertrand BOUYX, Député du Calvados (Horizons) ;

Valérie BOYER, Sénatrice des Bouches-du-Rhône (LR) ;

Jérôme BUISSON, député de l’Ain (RN) ;

Pierrick COURBON, Député de la Loire (PS) ;

Patrick CURTAUD, Vice-président du Conseil départemental de l’Isère (LR) ;

Sébastien DELOGU, Député des Bouches-du-Rhône (LFI) ; Gilbert-Luc DEVINAZ, Sénateur du Rhône (PS) ; Pascal DOLL, Maire d’Arnouville ; Jacqueline EUSTACHE-BRINIO, Sénatrice du Val-d’Oise (LR) ; Rémi FERAUD, Sénateur de Paris (PS) ; Isabelle FLORENNES, Sénatrice des Hauts-de-Seine (Union centriste) ; Emmanuel GREGOIRE, Député de Paris (PS) ; Xavier IACOVELLI, Sénateur des Hauts-de-Seine (Renaissance) ; Patrick KANNER, Sénateur du Nord (PS) ; Thierry KOVACS, Maire de Vienne (LR) ; Richard MALLIE, Maire de Bouc-Bel-Air (LR) ; Emmanuel MANDON, Député de la Loire (Modem) ; Hervé MARSEILLE, Sénateur des Hauts-de-Seine (Union centriste) ; Alexandra MARTIN, Députée des Alpes-Maritimes (LR) ; Paul MOLAC, Député du Morbihan (Libertés, Indépendants, Outre-mer et Territoires) ; Marie-Pierre MONIER, Sénatrice de la Drôme (PS) ; Pierre OUZOULIAS, Sénateur des Hauts-de-Seine (PCF) ; Gaël PERDRIAU, Maire de Saint-Etienne ; Aurélie PIRILLO, Conseillère de Paris (LR) ; Stéphane RAMBAUD, Député du Var (RN) ; Richard RAMOS, Député du Loiret (Modem) ; Stéphane RAVIER, Sénateur des Bouches-du-Rhône (Reconquête) ; Isabelle SANTIAGO, Députée du Val-de-Marne (PS) ; Philippe VIGIER, Député de l’Eure-et-Loire (Modem).

 

Ռազմագերիներ