
Խնածախ. Գորիսից ոչ հեռու, թշնամուն չափազանց մոտ
Չորս կողմից բլուրներով է շրջապատված Սյունիքի մարզի Խնածախ գյուղը: Մարզկենտրոն Կապանից՝ 109 կմ, խոշորացված համայնքի կենտրոն Տեղ գյուղից 17 կմ, իսկ Գորիս քաղաքից 28 կմ է հեռու այս գյուղը:
Պատերազմից հետո Խնածախը դարձել է սահմանամերձ, ադրբեջանցիներն էլ իրենց դիրքերն առաջ են բերել՝ գրեթե հասնելով գյուղին ու տեղակայվելով տներից 100-200մ հեռավորության վրա։
2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի տվյալներով՝ Խնածախի մշտական բնակչությունը կազմել է 998, առկա բնակչությունը՝ 780 մարդ։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, երկրագործությամբ և մեղվաբուծությամբ։
Տարածքում գտնվող բազմաթիվ հուշարձաններից են գյուղի բարձունքներին կանգնեցված չորս արժեքավոր խաչքարերը, որոնցից մեկը թվագրվում է 1301, մյուսը՝ 1581, երրորդը՝ 1601, իսկ վերջինը՝ 1620 թվականներին։
Խնածախ գյուղը եզերող չորս բարձունքներին կանգնեցված խաչքարերն ու իրենց արձանագրությունները արժեքավոր տեղեկություններ են հաղորդում բնակավայրի ու Մելիք-Հայկազյանների տոհմի պատմության վերաբերյալ։
Արցախյան 44-օրյա պատերազմից և դրան հաջորդած սահմանային փոփոխություններից հետո Խնածախ գյուղը եզերող չորս բարձունքների արժեքավոր խաչքարերը հայտնվել են սահմանից 400-960 մետր հեռավորության վրա։
Վերջին շրջանում ադրբեջանական կողմի կրակոցներն ամեն օր են լսվում գյուղում: Խնածախի բնակիչներն ու վարչական ղեկավարը ABC media-ի հետ զրույցում հաստատում են՝ կրակոցներ կան, իսկ Պաշտպանության նախարարությունն էլ նշում է, երբեմն արձանագրվող կրակոցները ՀՀ տարածքը չեն թիրախավորում: Ադրբեջանական վերջին կրակոցներից գյուղի Մշակույթի տունն է վնասվել: