24 Ապր
2025
21.3° c ԵՐԵՎԱՆ
12.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շատ կարևոր է, որ հայ կալանավորների ազատ արձակումը լինի ոչ միայն արդարադատության խնդիրը, այլև՝ խաղաղության նախապայման․ The Telegraph

Շատ կարևոր է, որ հայ կալանավորների ազատ արձակումը լինի ոչ միայն արդարադատության խնդիրը, այլև՝ խաղաղության նախապայման․ The Telegraph

Այս տարի լրանում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը կհավաքվի՝ ոգեկոչելու այս ողբերգությունը։ 2015-ին Հայ եկեղեցին սրբադասել է զոհերին ՝ պաշտոնապես նրանց սրբեր հռչակելով։ Հիշատակի այս պահը ոչ միայն անցյալը սգալու, այլ ներկայի հետ առերեսվելու մասին է: Պատմական և շարունակվող վայրագությունների միջև շարունակականությունը պահանջում է, որ մենք խոսենք հիմա՝ առանց երկիմաստության: Այս մասին գրել է Դեյվիդ Ալթոնը The Telegraph-ում հրապարակված հոդվածում։

Նրա խոսքով՝ այսօր այդ նույն հայերի ժառանգները կրկին թիրախ են դարձել, այս անգամ՝ Ադրբեջանի կողմից, որը 2023 թվականին ավարտեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) էթնիկ զտումները՝ 120.000 էթնիկ հայերի դուրս մղելով իրենց պապենական հայրենիքից։ Չնայած մարդու իրավունքների փորձագետների և միջազգային կառույցների հրատապ նախազգուշացումներին՝ համաշխարհային առաջնորդները դարձյալ թեքել են իրենց հայացքը։

Հեղինակը հիշեցրել է, որ Արցախը տասն ամիս շրջափակված է եղել Ադրբեջանի կողմից՝ զրկված սննդամթերքից, դեղորայքից և կենսական անհրաժեշտության պաշարներից: Այն ավարտվել է սեպտեմբերյան ռազմական հարձակմամբ և զանգվածային գաղթով՝ սարսափելի արձագանք անցյալի վայրագություններին:

«Մենք հիպոթետիկ չենք խոսում։ ՄՔԴ նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հայտարարել է, որ Ադրբեջանի գործողությունները համապատասխանում են Ցեղասպանության մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի բ) սահմանմանը: Եվրախորհրդարանը, Genocide Watch-ը և Լեմկինի ինստիտուտը համաձայն են։ Այսպիսով, ինչու՞ Միացյալ Թագավորության կառավարությունը դեռևս չի ցանկանում անվանել այն այնպես, ինչպես կա», – գրել է հեղինակը։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանի հարձակումը չի ավարտվել տեղահանմամբ: 23 հայեր, որոնցից շատերը քաղաքացիական անձինք կամ նախկին Արցախի Հանրապետության ընտրված պաշտոնյաներ են, շարունակում են ձերբակալված մնալ Բաքվում՝ ահաբեկչության կեղծ մեղադրանքներով։ Նրանց հանդեպ վերաբերմունքը՝ մենախցում բանտարկում, բժշկական պահանջների անտեսում և բռնի խոստովանությունների կորզում, փաստագրվել է իրավապաշտպան կազմակերպությունների և նախկին կալանավորների կողմից: Նրանց զրկել են դատավարության պատշաճ ընթացակարգից։

Ընդամենը օրեր առաջ Ադրբեջանը արտաքսել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ)՝ միակ մարմնին, որին թույլ էր տրվում այցելել այս բանտարկյալներին: Կարմիր խաչի հետ մեկտեղ վտարվել են BBC Ադրբեջանը և այլ վստահելի լրատվամիջոցներ։ Սա պատահական չէր. սա հումանիտար վերջին փրկության օղակը խզելու և մարդու իրավունքների խախտումների նկատմամբ վերահսկողությունը վերացնելու հաշվարկված փորձ է:

Հեղինակն ընդգծել է, որ սա առաջին անգամը չէ, որ հայերին լռեցնում են։ Ադրբեջանը տարիներ է անցկացրել հայոց պատմությունն ավիրելու, հնագույն եկեղեցիներն ու գերեզմանոցները քանդելու և Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Դա նաև ատելության սերունդներ է սերմանել՝ դպրոցականներին սովորեցնելով, որ հայերը թշնամիներ են, իսկ հայերին դատապարտված մարդասպաններին ներում են շնորհել, փառաբանել և նյութապես պարգևատրել:

«Պարզ ասենք՝ սա «հակամարտություն» չէ։ Դա պետության կողմից հովանավորվող ապամարդկայնացման և ջնջման արշավի գագաթնակետն է: Ինչպես անցյալ ցեղասպանությունների դեպքում՝ Ռուանդայից մինչև Բոսնիա, նախազգուշական նշանները կային, սակայն աշխարհը քիչ բան արեց միջամտելու համար: Եթե գործելու պահը հիմա չէ, ապա՝ ե՞րբ։ Միացյալ Թագավորությունը ստորագրել է Ցեղասպանության մասին կոնվենցիան։ Այդ ստորագրությունը խորհրդանշական չէ. այն մեզ պարտավորեցնում է կանխել, պաշտպանել և պատժել: Եվ այնուամենայնիվ, մենք չկարողացանք էթնիկ զտում կոչել այն, ինչ տեսնում ենք։ Մենք չկարողացանք պատժամիջոցներ կիրառել ռազմական հանցագործությունների համար պատասխանատու ադրբեջանցի առաջնորդների նկատմամբ», – շեշտել է հոդվածագիրն՝ հավելելով, որ միջազգային հանրությունը պետք է անհապաղ պահանջի ազատ արձակել 23 հայ ձերբակալվածներին, ապահովել միջազգային դիտորդների վերադարձն Ադրբեջան և ճնշում գործադրել բռնի տեղահանվածների վերադարձի համար: Առանց այս քայլերի, օրենքի գերակայությունը վերածվում է դատարկ հռետորաբանության:

«Շատ կարևոր է, որ հայ կալանավորների ազատ արձակումը լինի ոչ միայն արդարադատության խնդիրը, այլև՝ խաղաղության նախապայման: Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ համաձայնագիր չի կարող կայուն լինել, քանի դեռ բանտարկյալները անարդարացիորեն պահվում են Բաքվում», – գրել է Ալթոնն՝ ընդգծելով, որ նրանց ազատությունը զիջում չէ, այլ՝ հաշտեցման համար անհրաժեշտ հիմք:

Ռազմագերիներ