
Հայոց ցեղասպանությունը վայրագություն էր, որը տեղի է ունեցել Փոքր Ասիայում 10 տարի տևած ավելի լայն կրոնական զտման համատեքստում․ Greek Reporter
Հայոց ցեղասպանությունը՝ 1914-1923 թվականներին Օսմանյան կառավարության կողմից Թուրքիայում և հարակից շրջաններում իրականացված 1.5 միլիոն էթնիկ հայերի համակարգված զանգվածային սպանությունն ու արտաքսումը, հիշատակվում է ամեն տարի ապրիլի 24-ին։
Հայոց ցեղասպանությունը վայրագություն էր, որը տեղի է ունեցել Փոքր Ասիայում 10 տարի տևած ավելի լայն կրոնական զտման համատեքստում, որը ներառում էր հայերի, հույների և ասորիների։ Նրանք բոլորը քրիստոնյաներ էին: Այս մասին գրել է Greek Reporter-ը։
Ինչպես նշվել է, կրոնական զտումն իրականում առաջինն էր տվյալ ժամանակներում և համապատասխանում էր հաջորդ դարում հաջորդող ցեղասպանությունների օրինաչափությանը։
«Հայերը, շատ առումներով, կրեցին կոտորածի ծանրությունը, սակայն էթնիկ հույներն ու ասորիները նույնպես կոտորվեցին նմանատիպ ձևերով և նույն պատճառով։ Նրանք քավության նոխազներ էին փլուզվող կայսրությունում, որը քրիստոնյաներին համարում էր երկրի ներսում վտանգավոր և պոտենցիալ դավաճան բնակչություն։ Կար ուժեղ ազգայնական ազդակ՝ ստեղծելու «Թուրքիա թուրքերի համար», և դա նշանակում էր միատարր բնակչություն՝ հիմնված «թուրքականության» և մուսուլմանական հավատքի վրա», – գրել է կայքը։
Շեշտվել է, որ հայերի հալածանքները սկսվեցին 1914 թվականին։ Սկզբում դա պարզապես հայկական բիզնեսների և խանութների բոյկոտի արշավ էր։ Սակայն մի քանի ամիս անց այն գագաթնակետին հասավ բռնության ակտերով և հայ քաղաքական գործիչների ու կարևոր անձանց սպանությամբ։ 1915 թվականի ապրիլի 15-ին Վանի նահանգում սպանվեց գրեթե 25,000 հայ։
1915 թվականի ապրիլի 24-ին օսմանները ձերբակալեցին Կոստանդնուպոլսում գտնվող 250 հայ մտավորականների և համայնքի առաջնորդների և ուղարկեցին Չանկրի և Այաշ, որտեղ նրանք հետագայում սպանվեցին։ Նույն օրը ձերբակալվեցին Կոստանդնուպոլսի առաջատար հայկական թերթի՝ «Ազատամարտ»-ի խմբագիրներն ու աշխատակիցները, որոնք հունիսի 15-ին մահապատժի ենթարկվեցին Դիարբեքիրում, որտեղ նրանք տարվել և բանտարկվել էին։
Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքը և Օսմանյան խորհրդարանի հայ պատգամավոր Զոհրաբը դիմում ներկայացրին թուրքական իշխանություններին Կոստանդնուպոլսի ձերբակալված հայերի անունից։ Պատասխանն այն էր, որ կառավարությունը լուծարում է հայկական քաղաքական կազմակերպությունները։
Ինը ամսվա ընթացքում կոտորվեց ավելի քան 600,000 հայ։ Այդ ընթացքում տեղահանվածներից ավելի քան 400,000-ը մահացավ դեպի հարավ՝ Միջագետք արշավի դաժանություններից և զրկանքներից՝ զոհերի թիվը հասցնելով մեկ միլիոնի։ Սա Թուրքիայից դուրս մնացած աշխարհին հայտնի դարձավ որպես Հայերի ցեղասպանություն։
Բացի այդ, 200,000 հայեր բռնի կերպով իսլամացվեցին՝ Հայաստանին նոր թուրքական ինքնություն տալու և հայերին զրկելու իրենց պատմական անցյալից՝ որպես աշխարհի առաջին քրիստոնեական պետություն։
1922 թվականի օգոստոսի 30-ին Զմյուռնիայում ապրող հայերը դարձան թուրքական նոր վայրագությունների զոհը։ 1922 թվականի «Զմյուռնիայի աղետը», որն ուղղված էր ծովափնյա քաղաքում ապրող քրիստոնյա հույների դեմ, ներգրավեց նաև հազարավոր հայերի։ Թուրք զինվորներն ու քաղաքացիական անձինք հրդեհեցին բոլոր հունական և հայկական թաղամասերը՝ ստիպելով հույներին և հայերին փախչել նավահանգիստ, որտեղ հազարավոր մարդիկ սպանվեցին կամ խեղդվեցին։ 1919 թվականի ապրիլի 24-ին հայ համայնքի ականավոր գործիչները, ովքեր վերապրել էին վայրագությունները, հիշատակի արարողություն անցկացրին Ստամբուլի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցում։ 1919 թվականի առաջին հիշատակումից հետո այդ օրը դարձավ Հայոց ցեղասպանության ամենամյա հիշատակի օր։
Այնուամենայնիվ, ի1915 թվականի սարսափելի իրադարձություններից ի վեր Թուրքիան մեթոդաբար հերքել է հայերի ցեղասպանության փաստը։ Չնայած թուրքական ժխտումներին՝ ցեղասպանությունը միաձայն հաստատվել է Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի կողմից և միջազգային ճանաչում է ստացել՝ բարոյական պատասխանատվությունը քաղաքական նպատակներից վեր դասելու համար։