
Աշխարհը պատրաստ է օգնել, բայց Հայաստանը լռում է. Գեղամ Ստեփանյան
«Փոփոխվող աշխարհը և Հայաստանը» խորագրով քննարկման ընթացքում Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը շեշտել է՝ թե՛ արցախցիների վերադարձի իրավունքի, թե՛ ռազմագերիների ու գերեվարված մյուս անձանց ազատ արձակման ուղղությամբ միջազգային աջակցությունը հստակ է քաղաքական ու ֆինանսական մակարդակում։
«Հող կա, պարարտ հող կա՝ այս աշխատանքները տանելու և հաջողություն գրանցելու համար։ Բայց առաջին հարցը, որ մշտապես առաջ է գալիս միջազգային հարթակներում՝ ուր է Հայաստանը։ Շվեյցարիայում, Ավստրալիայում, Եվրոպական խորհրդարանում բոլորն այս հարցն են բարձրացնում՝ ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները չեն խոսում այս թեմաներով, ինչո՞ւ շահագրգռված չեն»,-նշել է Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ անգամ բարենպաստ քաղաքական մթնոլորտը հաճախ անարդյունավետ է մնում Հայաստանի պետական դիրքորոշման բացակայության պատճառով։ Ստեփանյանը շեշտել է, որ ինքն ու հանձնախումբը ստիպված են լինում բացատրել իրավիճակը՝ միևնույն ժամանակ հիշեցնելով միջազգային կառույցներին, որ իրենց վրա ևս պարտավորություններ են ընկնում։
Ավստրալիայում ունեցած այցի շրջանակում, որն իրականացվել է Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ, բարձրացվել են չորս առանցքային թեմաներ՝
- Հայաստանում ապաստան գտած արցախցիների միջազգային պաշտպանություն,
- վերադարձի իրավունք,
- ռազմագերիների և պատանիների ազատում,
- Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանում։
«Ունենք հայրենանվեր մարդիկ, որոնք նույնիսկ հազարավոր կիլոմետրեր հեռու՝ Ավստրալիայում, ամեն օր վերահաստատում են իրենց նվիրվածությունը Արցախին ու հայության շահերին։ Մնում է, որ Հայաստանի պետական հարթակը նույնպես լինի այդ գործընթացների մասնակիցը»,- եզրափակել է նա։