
Բուդեսթագը չի ընտրել Մերցին կանցլերի պաշտոնում
Գերմանիայում պահպանողականների առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը բավարար խորհրդարանական ձայներ չի ստացել կանցլեր ընտրվելու համար, ինչը մեծ անակնկալ էր, հայտնել է Politico-ն։
«Խորհրդարանի անդամ Ֆրիդրիխ Մերցը չի հավաքել անհրաժեշտ մեծամասնություն՝ առնվազն 316 ձայն», – Բունդեսթագի առաջին քվեարկությունից հետո հայտարարել է Բունդեսթագի նախագահ Յուլիա Կլյոկները՝ իրադարձությունների խիստ անսպասելի շրջադարձով։
Երկրորդ քվեարկության ժամկետը պարզ չէ։
Մերցին վեց ձայն է պակասել Գերմանիայի 630 խորհրդարանականների մեծամասնության կողմից ընտրվելու համար։ Նրա կոալիցիան, որը բաղկացած է իր սեփական պահպանողական դաշինքից և կենտրոնամետ ձախակողմյան Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից (SPD), կունենար Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենափոքր խորհրդարանական մեծամասնություններից մեկը՝ տեղերի ընդամենը 52 տոկոսով։
Այս իրադարձությունն ամոթալի է համարվում պահպանողական առաջնորդի համար։ Ընտրվելու ձախողումը, նույնիսկ եթե նա, ի վերջո, հաջողության հասնի երկրորդ փուլում, Մերցի համար լուրջ հետընթաց է։
Չորեքշաբթի օրը նա պետք է մեկներ Փարիզ և Վարշավա՝ քննարկելու Եվրոպայի պաշտպանության ռազմավարությունը։ Այդ ուղևորությունն այժմ քիչ հավանական է։
Գերմանիայի համար այլընտրանք (AfD) ծայրահեղ աջ կուսակցության անդամները, որոնք պատրաստվում են դառնալ խորհրդարանում ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը, օգտվել են առիթից և հարվածել Մերցին։
«Մերցը վնասված է, անկախ նրանից, թե ապագայում ինչ կլինի», – հայտարարել է AfD-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Բերնդ Բաումանը։
Մյուս թեկնածուները կարող են փորձել իրենց բախտը երկու շաբաթվա ընթացքում, բայց նրանք նույնպես պետք է ստանան 316 ձայն։
Եթե ընտրությունները չեն կայանում 14 օրվա ընթացքում, անմիջապես անցկացվում է նոր քվեարկություն, որի արդյունքում՝ ընտրված է համարվում այն անձը, ով ստանում է պարզապես առավելագույն ձայների քանակը։