
Իսրայելը պատրասվում է «զոհաբերել Գազայում պահվող պատանդներին»․ ՀԱՄԱՍ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողության ընդլայնումը նշանակում է հրեական պետության իշխանությունների կողմից պատանդների կյանքը զոհաբերելու որոշում։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է շարժման Telegram ալիքում։
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ՄԱԿ-ին և միջազգային հանրությանն «անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ վերջ դնելու Իսրայելի իշխանությունների գործողություններին և նրանց պատասխանատվության ենթարկելու» անկլավում տեղի ունեցողի համար։
Ավելի վաղ իսրայելական Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հաստատել է Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընդլայնման ծրագիրը, որը նախատեսում է պաղեստինյան անկլավն օկուպացնելու հնարավորություն։ Իսրայելի կառավարության խոսնակ Դեյվիդ Մենսերը լրագրողներին հայտնել է, որ Գազայի գործողությունն ընդլայնելու ծրագիրը ներառում է տարածքի մեծացում և զորքերի կողմից գրավված տարածքի պահպանում, բայց ոչ անկլավի գրավում։
Ըստ պետական հեռարձակող Kan-ի՝ ընդլայնված ռազմական գործողությունը կրել է «Գեդեոնի կառքերը» կոդային անվանումը։ Դրա նպատակներն են « ՀԱՄԱՍ-ի պարտությունն ու խաղաղեցումը Գազայի հատվածում» և «բոլոր պատանդների ազատ արձակումը»։ Իսրայելական կողմի տրամադրած վերջին տվյալների համաձայն՝ Գազայում ներկայումս պահվում են 24 պատանդի և 35 մահացած գերիների մարմիններ։