
Տարածքային ընտրական հանձնաժողովը ավագանու անդամի մանդատը հանձնեց «Մեր քաղաքը» դաշինքի հաջորդ համարին․ փաստաբան
Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Կարեն Բադալյանի լիազորությունները ԸԸՀ-ն դադարեցրել է, մանդատը փոխանցվել է «Մեր քաղաքը» դաշինքի հաջորդ համարին՝ Նարեկ Միրզոյանին․ հայտնում է փաստաբան Սոս Հակոբյանը։
«Քիչ առաջ շատ կարևոր հաղթանակ արձանագրվեց Գյումրիում:
Առավոտյան մեր կողմից լայնորեն բարձրացված հարցը ունեցավ հանգուցալուծում. տարածքային ընտրական հանձնաժողովը ավագանու անդամի մանդատը հանձնեց «Մեր քաղաքը» դաշինքի հաջորդ համարին՝ Նարեկ Միրզոյանին։
Դրանից առաջ «Մեր քաղաքը» խմբակցության արդեն նախկին ավագանու հրաժարականի փաստը օրենքի կոպիտ խախտմամբ տարածքային ընտրական հանձնաժողովը հրաժարվում էր արձանագրել: Լրացել էին օրենքով սահմանված բոլոր հնարավոր ժամկետները:
Հնչեցին ամենատարբեր արդարացումներ, «դե, մենք իրավաբան չենք…» ոճի մեջ…
Այսօրվա տեղական ժողովրդավարության փոքրիկ, բայց կարևոր հաղթանակը բոլորինս է:
Ասածս ուժի մեջ է. բոլորը պատասխան են տալու իրենց արածի և չարածի համար օրենքով սահմանված կարգով և խստությամբ»,- սոցցանցի իր էջում գրել է փաստաբանը: