
ՀԱՄԱՍ-ը հաստատել է Լիբանանում իր հրամանատարի մահը՝ Իսրայելի օդային հարվածի հետևանքով
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է Իսրայելի ավիահարվածի հետևանքով իր՝ «Իզեդին ալ-Քասամի բրիգադների» զինյալ թևի հրամանատարի մահը Լիբանանում։
«Զինվորական առաջնորդ Խալեդ Ահմեդ ալ-Ահմեդը սպանվել է Լիբանանի հարավում գտնվող Սաիդա քաղաքում՝ առավոտյան աղոթքի մզկիթ գնալիս», – նշվել է շարժման Telegram ալիքում տարածված հաղորդագրությունում։ Ընդգծվել է, որ զինյալները, չնայած կրած կորուստներին, «կշարունակեն դիմադրել օկուպացիային և պաշտպանել Գազայի ժողովրդին»։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել էին թիրախային հարվածի արդյունքում Լիբանանում ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի Արևմտյան բրիգադի հրամանատարի ոչնչացման մասին։
Մայիսի 2-ին Լիբանանի Գերագույն պաշտպանության խորհուրդը պահանջել էր ՀԱՄԱՍ-ից «պատասխանատվության ենթարկվել բոլոր նրանց, ովքեր ներգրավված են Իսրայելի վրա հրթիռներ արձակելու մեջ»։
Ի պատասխան՝ շարժման ղեկավարությունը համաձայնել էր իշխանություններին հանձնել մարտի 22-ին և 28-ին Իսրայելի Մետուլա և Կիրյաթ Շմոնա քաղաքները հրետակոծելու մեջ կասկածվող պաղեստինցիներին: Elnashra լրատվական պորտալի տվյալներով՝ ինը կասկածյալներից չորսը մայիսի 6-ին հանձնվել են լիբանանյան բանակին: Նրանք բոլորը խոստովանել են, որ մասնակցել են Իսրայելի դեմ զինված հարձակումներին։
Լիբանանյան բանակը նաև ոչնչացրել է «Քուվաթ ալ-Ֆաջր» աշխարհազորի բազան Արքուբ սահմանային շրջանում, որը սուննիական «Ալ-Ջամաա ալ-Իսլամիյա» կազմակերպության զինված թևն է՝ ՀԱՄԱՍ-ի և Հեզբոլլահի աշխարհազորի դաշնակիցը։