
Բռնության ենթարկված արցախցի երիտասարդի մարմնի վրա իր կողմից նշած վնասվածքները չեն հայտնաբերվել․ ՔԿ նախագահ
Դատաբժշկական փորձաքննություններն իրականացվել են օպերատիվ կերպով՝ նպատակ ունենալով պարզել, արդյոք տուժողի վրա առկա են մարմնական վնասվածքներ։ Վարույթը փոխանցվել է կենտրոնական ստորաբաժանում․ անդրադառնալով Վանաձորի ոստիկանատանը արցախցի երիտասարդ Տիգրան Ուլուբաբյանին բռնության ենթարկելու գործով քննությանը՝ ասել է Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։
«Քննչական կոմիտեի Հատուկ կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում գործում է մասնագիտացված ստորաբաժանում, որը զբաղվում է նմանատիպ դեպքերի քննությամբ։ Հենց որ տարածքում ստացվեց համապատասխան ահազանգը, հաղորդումը փոխանցվեց այդ ստորաբաժանում, և անմիջապես նախաձեռնվեց վարույթ»,- ասել է Պողոսյանը։
Պողոսյանը նաև նշել է, որ անձամբ է ընդունել երիտասարդին․ կատարվել են բոլոր անհետաձգելի քննչական գործողությունները,սակայն դատաբժշկական փորձաքննությամբ մարմնական վնասվածքներ չեն արձանագրվել՝ չնայած որ բժշկական փաստաթղթերում նման վնասվածքների վերաբերյալ որոշ տվյալներ առկա են։ Այդուհանդերձ, փորձաքննության եզրակացությունը դրանք չի հաստատել։
«Քրեական վարույթն ընթանում է բնականոն կերպով՝ համապատասխան հսկողությամբ։ Սպասենք փորձաքննությունների ամբողջական արդյունքներին, որից հետո կտրվի իրավական գնահատական»,- ասել է նա։