
Քոչարյանի պատճառով Արցախը դուրս մնաց բանակցություններից. Լևոն Զուրաբյան
Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման գործընթացին, վստահ է՝ հենց Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքականության հետևանքով է Լեռնային Ղարաբաղը դուրս մնացել միջազգային բանակցություններից, և այդ քայլը վճռականորեն ազդել է Արցախի հետագա կարգավիճակի վրա:
ՀԱԿ փոխնախագահի խոսքով՝ դեռ 1997 թվականին մշակված փուլային լուծման տարբերակն ավելի ձեռնտու էր Հայաստանին և Արցախին, քանի որ այն թույլ էր տալիս լուծել անվտանգության ու խաղաղության հիմնական հարցերը, իսկ կարգավիճակի հարցը մնում էր բաց, ինչը դիվանագիտական առումով նշանակում էր, որ որևէ կերպ չի ամրագրվում Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին, և միջազգային իրավունքի տեսանկյունից Ղարաբաղը դառնում էր սուբյեկտ՝ առանց պաշտոնապես Ադրբեջանի մաս ճանաչվելու:
Նրա պնդմամբ՝ այդ ժամանակաշրջանում կողմերի դիրքորոշումները բաժանվում էին փուլային և փաթեթային տարբերակների միջև, մինչդեռ ՀԱԿ ներկայացուցիչներն ու առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կողմ էին փուլայինին՝ որպես առավել իրատեսական և ձեռնտու լուծում: Քոչարյանի՝ իշխանության գալով և փաթեթային տարբերակին նախապատվություն տալով, ըստ Զուրաբյանի, Հայաստանն ու Արցախը կորցրին արդեն ձեռք բերված կարևոր հնարավորությունը:
«Սա միջազգային ճանաչման տանող միջանկյալ լուծում էր», — ընդգծում է Զուրաբյանը՝ հավելելով, որ հենց մաքսիմալիստական դիրքորոշումներն ու վերջնական կարգավիճակի շեշտադրումը բերեցին բանակցային տապալման:
Բացի այդ, Զուրաբյանի խոսքով, հենց Ռոբերտ Քոչարյանի օրոք է սկսվել Լեռնային Ղարաբաղի դուրսմղումը բանակցային գործընթացից. Քի Վեսթի բանակցությունների ժամանակ Քոչարյանը անձամբ խնդրել է ԼՂ նախագահ Արկադի Ղուկասյանին լիազորել իրեն ներկայացնելու նաև Ղարաբաղի անունից, քանի որ քննարկվում էր տարածքների փոխանակման տարբերակ, և Հայաստանն ու Ադրբեջանը որպես անկախ սուբյեկտներ պիտի բանակցեին:
Ըստ Զուրաբյանի՝ Արկադի Ղուկասյանը սկզբում հրաժարվել է, բայց Քոչարյանի շանտաժի արդյունքում ի վերջո համաձայնել է լիազորել. դրանից հետո Ղարաբաղը՝ որպես առանձին կողմ, այլևս չի դիտարկվել որևէ պաշտոնական փաստաթղթում:
«Դրանից հետո այլևս չեք տեսնի որևէ առաջարկ որ ներկայացվել է Ստեփանակերտին միայն Երևանին և Բաքվին», — նշում է նա:
Զուրաբյանը անդրադարձել է նաև 2004 թվականին մեկնարկած նոր փուլին, երբ Վարդան Օսկանյանը փորձեց բանակցային տեքստերում ամրագրել հանրաքվեի գաղափարը: Ըստ նրա՝ սա դիտավորյալ անորոշություն էր, քանի որ թույլ էր տալիս կողմերին տարբեր կերպ մեկնաբանել նույն ձևակերպումը. Հայաստանի համար սա նշանակելու էր ինքնորոշում, իսկ Ադրբեջանի համար՝ վերջնական հարցի ձևակերպման բաց պահում:
Այս գաղափարը շարունակվեց նաև Պրահայի գործընթացում, բայց ըստ Զուրաբյանի՝ այն կորցրեց արժեքը, երբ բանակցություններից դուրս մնացին հենց այդ սկզբունքները ձևավորող գործիչները, և փոխարենը եկավ նոր իշխանություն, որի ղեկավար Նիկոլ Փաշինյանը չկարողացավ կամ չցանկացավ շարունակել նույն գիծը:
«Եթե փուլայինը կյանքի կոչվեր, Ղարաբաղը փաստացի կդառնար անկախ սուբյեկտ առանց միջազգային իրավունքի խախտման, իսկ Ադրբեջանը չէր կարողանա իրավական ճանապարհով պահանջել տարածքային ամբողջականություն Ղարաբաղի նկատմամբ: Հենց այդ լուծումն էր մեր ձեռքերում, որ կորցրինք մաքսիմալիզմի և անհեռատես քաղաքականության պատճառով: Քոչարյանն անձամբ շանտաժի միջոցով ստիպեց Արկադի Ղուկասյանին հրաժարվել բանակցային գործընթացում Ղարաբաղի ինքնուրույն մասնակցությունից, ինչի հետևանքով Ղարաբաղը դուրս մնաց գործընթացից. սա ճակատագրական սխալ էր, որի հետևանքները տեսանք հետո», – ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: