
Թրամփն ու «հաճելի ջենտլմենը» շահագրգռված են ուկրաինական ճգնաժամի արագ կարգավորմամբ
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը քննարկել են Ռուսաստանի առաջնորդի և Վլադիմիր Զելենսկիի միջև անմիջական շփման հարցը. լրագրողներին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը շահագրգռված է ուկրաինական ճգնաժամի արագ կարգավորմամբ՝ վերացնելով հակամարտության արմատական պատճառները։
«Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները շահագրգռված է հնարավորինս շուտ արդյունքների հասնելու հարցում։ Եվ նախագահ Թրամփը խոսել է այս մասին։ Պուտինը կիսում է այս տեսակետը։ Բոլորը շահագրգռված են արագ կարգավորմամբ։ Մենք, առաջին հերթին, շահագրգռված ենք արագ կարգավորմամբ՝ վերացնելով այս հակամարտության արմատական պատճառները։ Սա ամենակարևորն է բոլոր այն նախագծերում, որոնք մենք կձևակերպենք», – նշել է Կրեմլի խոսնակը։
Թրամփն, իր հերթին, Պուտինի հետ զրույցից հետո նրան անվանել է «հաճելի ջենտլմեն»։
«Մենք լավ զրույց ունեցանք, և կարծում եմ՝ առաջընթաց է գրանցվել», – նշել է ԱՄՆ նախագահը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ընդգծել է, որ Թրամփը կենտրոնացած է աշխարհի տարբեր մասերում ռազմական գործողությունների դադարեցման վրա և պաշտպանում է խոշոր զինված հակամարտությունների արագ կարգավորումը։