20 Մայ
2025
19.3° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանի հայերի միությունն Արցախում Մեծ Հայրենականի հուշարձանների պղծման հարցով դիմել է ՌԴ ՔԿ-ին

Ռուսաստանի հայերի միությունն Արցախում Մեծ Հայրենականի հուշարձանների պղծման հարցով դիմել է ՌԴ ՔԿ-ին

Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) դիմել է ՌԴ քննչական կոմիտեին՝ կոչ անելով քրեական գործ հարուցել Լեռնային Ղարաբաղի տարածքում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանները քանդելու և պղծելու կապակցությամբ: Կազմակերպությունը տեղի ունեցածը գնահատում է որպես հայրենիքի պաշտպանների հիշատակի վիրավորում և Ռուսաստանի ռազմական փառքի խորհրդանիշների պղծում։

Ուղերձում ընդգծվում է, որ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի տարում ապամոնտաժվել է Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը Ստեփանակերտում: Ավելի վաղ Արցախում արդեն ոչնչացվել էին ծովակալ Իսակովի հուշարձանը, ավիացիայի մարշալ Սերգեյ Խանփերյանցի տունը, ինչպես նաև պղծվել էր Խորհրդային Միության կրկնակի հերոս, ծնունդով շուշեցի Նելսոն Ստեփանյանի հուշարձանը: Ավերվել է նաև Շուշիի մեկ այլ ականավոր բնակչի՝ պատերազմի տարիներին խորհրդային պաշտպանական արդյունաբերության ղեկավարներից Հովհաննես Թևոսյանի հուշարձանը։

«Այսպիսով իրենց պատմական հայրենիքում ոչնչացվել են Հաղթանակի գործում նշանակալի ավանդ ունեցած երեք մարշալների և մեկ ծովակալի բոլոր հուշարձանները»,– ասված է հաղորդագրությունում:

ՌՀՄ-ն հատուկ ուշադրություն է հրավիրում Չարդախլուի ավերածություններին. Այս գյուղը երկրին երկու մարշալ է տվել (Հովհաննես Բաղրամյան և Համազասպ Բաբաջանյան) և տասնյակ գեներալներ ու սպաներ: Այս եզակի գյուղում ոչնչացվել են Հայրենական մեծ պատերազմին նվիրված բոլոր հուշարձանները, այդ թվում` Հայրենական մեծ պատերազմի թանգարանը։

Բացի այդ, ավերվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմաճակատներում զոհված խորհրդային զինվորների մի շարք եղբայրական գերեզմաններ։

ՌՀՄ-ն այդ գործողությունները գնահատում է որպես ծրագրված արշավի մի մաս, որն ուղղված է պատմական փաստերի փոխարինմանը, հաղթանակի գործում խորհրդային ժողովրդի ավանդի արժեզրկմանը և բարոյական հիմքերի ու սերունդների շարունակականության ոչնչացմանը: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ նման գործողությունները տեղի են ունենում Ադրբեջանի իշխանությունների և նրանց միջազգային հովանավորների թողտվությամբ:

Կազմակերպությունը հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն արդեն քրեական գործեր է վարում մի շարք երկրներում խորհրդային զինվորների հուշարձանների և զինվորական գերեզմանների պղծման և ոչնչացման 167 փաստերի վերաբերյալ:

Ռազմագերիներ