
ՆԱՏՕ-ն համաձայնության է եկել Սառը պատերազմից ի վեր ամենամեծ սպառազինության ծրագրի շուրջ
Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտպանության նախարարները որոշում են կայացրել Սառը պատերազմից ի վեր ամենամեծ սպառազինության կուտակման ծրագրի վերաբերյալ․ գրել է DPA գործակալությունը։ Ըստ տեղեկության՝ ծրագիրը նախատեսում է առաջիկա տարիներին զգալիորեն ընդլայնել պաշտպանական կարողությունները։
Այս կերպ, ինչպես նշում է գործակալությունը, ՆԱՏՕ-ն արձագանքում է ենթադրաբար Ռուսաստանից եկող սպառնալիքին։ Ամենաբարձր առաջնահերթությունը տրվում է այնպիսի կարողությունների, ինչպիսիք են հեռահար զենքի համակարգերը, հակաօդային պաշտպանությունը և շարժական ցամաքային ուժերը։ Ծրագիրը իրականացնելու որոշումը կայացվել է ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների՝ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ։ Սպառազինության կուտակման ծրագիրը, ինչպես նշում է գործակալությունը, ներառում է ռազմական ներուժի զարգացման նոր նպատակներ։ Դրանք հստակ ցույց են տալիս, թե դաշնակիցներից յուրաքանչյուրը ինչ ներդրում պետք է ունենա համատեղ զսպման և պաշտպանության գործում ապագայում։ Անհրաժեշտ կարողությունները որոշվել են նոր պաշտպանական ծրագրերի հիման վրա։ Դրանք հաշվի են առնում նաև հետախուզական ծառայությունների գնահատականը, որի համաձայն՝ Ռուսաստանը, չնայած Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններին, մի քանի տարի անց կարող է պատրաստ լինել ՆԱՏՕ-ի պետությունների հետ զինված հակամարտության Նոր պլանավորման կոնկրետ նպատակները գաղտնի են պահվում՝ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի համար հնարավորինս անկանխատեսելի հակառակորդ դարձնելու համար։ Սակայն ռազմական ներուժի նախկինում գործող պահանջները մեծացվել են մոտ 30%-ով։
Պաշտպանական ծախսերի նախատեսված նոր նպատակը նույնպես բխում է ներկայիս դեֆիցիտի և նոր պլանավորման նպատակներից։ Հունիսի 5-ին Բրյուսելում տեղի է ունենում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը։ Հանդիպմանը ժամանելուն պես Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է նպաստեն դաշինքի պաշտպանունակության ամրապնդման համատեղ ջանքերին և այս հարցում չապավինեն Միացյալ Նահանգներին։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը պատրաստ է օգնել դաշինքի պետություններին հաղթահարել ի հայտ եկող սպառնալիքները, բայց միևնույն ժամանակ ցանկանում է, որ դաշնակիցները նույնպես ակտիվացնեն իրենց ջանքերը այս ուղղությամբ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին ամիսներին բազմիցս հաստատել է իր մտադրությունը՝ ապահովել, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները պաշտպանական ծախսերը մեծացնեն մինչև ՀՆԱ-ի 5%-ը։