
Փաշինյանը վախենում է կորցնել իշխանությունը և նույնիսկ իր կյանքը․ քաղաքագետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հարձակվել Հայ Առաքելական Եկեղեցու վրա: Փաշինյանի հակաեկեղեցական կատաղությունները բացատրվում են իշխանությունը կամ նույնիսկ կյանքը կորցնելու նրա վախով․ Московский Комсомолец-ի հետ զրույցում նշել է ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը:
Քաղաքագետի խոսքով՝ Փաշինյանը պատրաստվում է խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ, որին դեմ է հայ հասարակության զգալի մասը: Ըստ Միհրանյանի՝ Հայաստանում կազմակերպված ընդդիմություն չկա: Սակայն անցյալ տարի Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի գլխավորած բողոքի ցույցերը ցույց տվեցին, որ եկեղեցին մեծ ազդեցություն և որոշակի մոբիլիզացիոն հնարավորություններ ունի: Այդ ժամանակ 40-50 հազար մարդ էր դուրս եկել արքեպիսկոպոս Բագրատի հանրահավաքներին:
«Փաշինյանի հակաեկեղեցական արշավը կապված է այն փաստի հետ, որ եկեղեցին իրականում հասարակության միակ մնացած ինքնավար ինստիտուտն է, որն ունի իր սեփական ֆինանսական, կազմակերպչական, մոբիլիզացիոն հնարավորությունները և կարող է մեծ խնդիրներ ստեղծել վարչապետի համար: Հետևաբար, նա փորձում է թուլացնել և, եթե հնարավոր է, նախապես ոչնչացնել այս ինստիտուտը: Ավելին, որքանով տեղյակ եմ, թե՛ նա, թե՛ իր կինը պատկանում են ՀԱԵ-ի ներսում լավ կազմակերպված աղանդներից մեկին: Եկեղեցին կարող է լուրջ սպառնալիք ներկայացնել Փաշինյանի համար՝ հատկապես 2026 թվականի ընտրությունների նախօրեին», – նշել է քաղաքագետը։
Նա, անդրադառնալով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստին, նշել է, որ դրա վերջնական տարբերակը դեռ ոչ ոք չի տեսել: Հայտնի է, որ այն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Ղարաբաղը դրա կազմում ներառելով: Բաքվի ամենահիմնարար պահանջն այն է, որ Հայաստանը վերանայի իր Սահմանադրությունը։ Կա նաև Էրդողանի պահանջը՝ ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, փակել «Արևմտյան Հայաստանի» թեման և մոռանալ Ցեղասպանության մասին:
«Ո՞վ կարող էր պատկերացնել, որ պատերազմը պարտված մարդը, ով պատասխանատու էր Ղարաբաղի կորստի, հսկայական թվով մարդկանց մահվան, 120,000 ղարաբաղցի հայերի և դրանից առաջ 30,000 փախստականների բռնի տեղահանման համար, կկարողանա մնալ պետության գլխին։ Ո՞ր ժողովուրդը կշարունակի հանդուրժել նման կառավարությանը։ Բայց ավաղ։ Պարզվում է՝ ժողովուրդն արդեն այնքան վախեցած է։ Փաշինյանը ստեղծել է իսկական ոստիկանական պետություն։ Նա շրջում է մի քանի հարյուր մարդուց բաղկացած անվտանգության աշխատակիցների հետ։ Նա վախենում է ամեն ինչից։ Բայց ժողովուրդն էլ է վախենում։ Երբ Պուտինը ցանկացավ դադարեցնել պատերազմը հոկտեմբերին, Փաշինյանը չհամաձայնվեց. «Այդ դեպքում՝ մենք ստիպված կլինենք հրաժարվել մի քանի շրջաններից, և ես կմեղադրվեմ դավաճան լինելու մեջ»։ Նա շարունակեց պատերազմը, և ստիպված եղան հրաժարվել նույնիսկ ավելինից։ Կային հսկայական կորուստներ, ժողովուրդը կորցրեց իր բազմաթիվ երեխաներին և կոտրվեց ու վախեցավ։ Նա նաև անընդհատ շանտաժի է ենթարկում մարդկանց՝ ասելով, որ եթե Հայաստանը զիջումների չգնա, կլինի նոր պատերազմ և նոր կորուստներ», – նշել է Միհրանյանը։