16 Հնս
2025
28.3° c ԵՐԵՎԱՆ
18.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը բարձր է գնահատում «նոր մեթոդը», որով հրթիռները հարվածում են Իսրայելի Թել Ավիվին և Հայֆային․ Reuters

Իրանը բարձր է գնահատում «նոր մեթոդը», որով հրթիռները հարվածում են Իսրայելի Թել Ավիվին և Հայֆային․ Reuters

Վաղ առավոտյան իրանական հրթիռները հարվածել են Իսրայելի Թել Ավիվին և Հայֆա նավահանգստային քաղաքին՝ ոչնչացնելով տներ և մտահոգություններ առաջացնելով այս շաբաթ G7-ի հանդիպման ժամանակ աշխարհի առաջնորդների շրջանում, որ երկու հին թշնամիների միջև պայքարը կարող է հանգեցնել ավելի լայն տարածաշրջանային հակամարտության. գրել է Reuters-ը։

Իսրայելի ազգային արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ երկրի կենտրոնում երեք մարդ է զոհվել, իսկ տասնյակները վիրավորվել են գիշերային հարվածների ժամանակ, որոնք Թեհրանի կողմից իրականացվող հարձակումների ալիքի մի մասն են կազմում՝ ի պատասխան Իսրայելի կողմից ուրբաթ օրը սկսված Իրանի միջուկային և բալիստիկ հրթիռային ծրագրերի դեմ ուղղված կանխարգելիչ հարվածների։

Հայֆա նավահանգստային քաղաքում մոտ 30 մարդ է վիրավորվել է։ Լրատվամիջոցները հայտնել են, որ նավահանգստի մոտ գտնվող էլեկտրակայանում հրդեհներ են բռնկվել։

Թել Ավիվի խիտ բնակեցված թաղամասում մի քանի բնակելի շենքեր ավերվել են հարվածի հետևանքով, կոտրվել են հյուրանոցների և մոտակա այլ տների պատուհանները, որոնք գտնվում էին քաղաքում ԱՄՆ դեսպանատան շենքից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։

Իրանի հեղափոխական պահակախումբը հայտարարել է, որ վերջին հարձակման ժամանակ կիրառվել է նոր մեթոդ, որը ստիպել է Իսրայելի բազմաշերտ պաշտպանական համակարգերին թիրախավորել միմյանց։

«Այս գործողության մեջ օգտագործված նախաձեռնություններն ու հնարավորությունները, չնայած Միացյալ Նահանգների և արևմտյան տերությունների համապարփակ աջակցությանը և ամենաարդիական ու նորագույն պաշտպանական տեխնոլոգիաների տիրապետմանը, հանգեցրել են հրթիռների հաջող և առավելագույն խոցմանը օկուպացված տարածքներում գտնվող թիրախների վրա», – նշվել է հաղորդագրության մեջ։

Իսրայելական զինվորականներն անմիջապես չեն արձագանքել հարվածների վերաբերյալ մեկնաբանության խնդրանքին: Իսրայելցի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ պաշտպանական համակարգը 100%-ով պատրաստ չէ և զգուշացրել են առջևում սպասվող դժվար օրերի մասին։

Իրավապահ մարմինները հայտարարել են, որ Իսրայելում առնվազն 10 մարդ, այդ թվում՝ երեխաներ, զոհվել են նախորդ հարվածների ժամանակ։

Իրանի Առողջապահության նախարարության խոսնակը հայտնել է, որ Իրանում զոհերի թիվը հասել է առնվազն 224-ի, որոնցից 90%-ը քաղաքացիական անձինք են։

«Յոթյակի խմբի» առաջնորդները մայիսի 15-ին հավաքվել են կանադական Ժայռոտ լեռներում, որտեղ Իսրայել-Իրան հակամարտությունը, ինչպես սպասվում էր, եղել է գերակա խնդիր։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նշել է, որ գագաթնաժողովի իր նպատակների մեջ են մտնում Իրանի կողմից միջուկային զենք չմշակելը կամ չտիրապետելը, Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքի ապահովումը, հակամարտության սրացումից խուսափելը և դիվանագիտության համար տարածք ստեղծելը։

Գագաթնաժողով մեկնելուց առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հարցրել են, թե ի՞նչ է անում նա իրավիճակը լիցքաթափելու համար։ «Հուսով եմ՝ համաձայնագիր կլինի։ Կարծում եմ՝ համաձայնագրի ժամանակն է», – նշել է նա։

Վաշինգտոնում երկու ամերիկացի պաշտոնյաներ Reuters-ին հայտնել են, որ Թրամփը վերջին օրերին վետո է դրել Իսրայելի ծրագրի վրա՝ սպանելու Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին։

Նեթանյահուն, մեկնաբանելով այս լուրերը, նշել է. «Այնքան շատ կեղծ հաղորդագրություններ կան զրույցների մասին, որոնք երբեք տեղի չեն ունեցել, և ես չեմ պատրաստվում դրանց մեջ խորանալ։ Մենք անում ենք այն, ինչ անհրաժեշտ է»։

Ռազմագերիներ