
ԱՄՆ-ը սենատորն օրինագիծ է ներկայացրել, որը արգելում է Թրամփին պատերազմ սկսել Իրանի հետ
Վերմոնտից անկախ ԱՄՆ սենատոր Բերնի Սանդերսը ներկայացրել է մի օրինագիծ, որը պոտենցիալ կարգելի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատերազմ սկսել Իրանի հետ։
«Այսօր ես ներկայացրել եմ մի օրինագիծ, որը պետք է կանխի Թրամփին մեզ Իրանի հետ անօրինական պատերազմի մեջ ներքաշելուց», – գրել է Սանդերսը X սոցիալական ցանցի իր էջում։ Սենատորի հրապարակմանը կից հայտարարության մեջ ընդգծվել է, որ օրինագիծը նախատեսված է ԱՄՆ նախագահին արգելելու դաշնային միջոցներն օգտագործել Իրանի հետ պատերազմը ֆինանսավորելու համար, եթե Կոնգրեսը չտա համապատասխան թույլտվությունը։ Սանդերսի հայտարարության համաձայն՝ նախաձեռնությանը միացել են յոթ դեմոկրատ սենատորներ։ Նա հավելել է, որ Մերձավոր Արևելքում ևս մեկ պատերազմ կարող է «անթիվ կյանքեր և տրիլիոնավոր դոլարներ արժենալ» և միայն կվատթարացնի տարածաշրջանում իրավիճակը։ Նշվում է, որ Սանդերսն առաջին անգամ նմանատիպ օրինագիծ է ներկայացրել 2020 թվականի հունվարին՝ Թրամփի առաջին նախագահական ժամկետի ընթացքում, ապա նրան միացել են Սենատում դեմոկրատական փոքրամասնության ներկայիս առաջնորդ Չակ Շումերը և նախկին սենատոր Կամալա Հարիսը։
Ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ Միացյալ Նահանգները շարունակում է դեմ լինել Իսրայելի և Իրանի հակամարտության մեջ ներգրավվելուն, քանի դեռ Թեհրանը չի հարձակվում տարածաշրջանում գտնվող ամերիկյան զորքերի վրա։ Հրատարակության զրուցակիցների խոսքով՝ Միացյալ Նահանգներն այս դիրքորոշումը փոխանցել է Մերձավոր Արևելքի իր դաշնակիցներին՝ հույս ունենալով, որ նրանք այն կփոխանցեն Թեհրանին և այդպիսով կխանգարեն Իսլամական Հանրապետությանը Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան զորքերի վրա հարձակվելուն։