18 Հնս
2025
22° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ազգերը պարտվում են, երբ ծնկում են հոգեպես և անտեսում արժանապատվությանը հասցված հարվածները. հայտարարություն

Ազգերը պարտվում են, երբ ծնկում են հոգեպես և անտեսում արժանապատվությանը հասցված հարվածները. հայտարարություն

Genesis Armenia ուղեղային կենտրոնը հայտարարություն է տարածել․

«Տարածաշրջանում օրեցօր սրվում են աշխարհաքաղաքական ճգնաժամերը և ռազմավարական պարտության օղակն ավելի է սեղմվում Հայաստանի պարանոցին: Իսրայել-Իրան պատերազմի հետևանքները լինելու են խորքային և հեռանկարային: Հարավային Կովկասում ազդեցությունների գերակայության և վերաձևավորման խնդիրը մարտահրավեր է նետել Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջությանը: Հայաստանի գործող իշխանության որդեգրած անլուրջ և ոչ նախաձեռնողական քաղաքականությունը սպառնում է Հայաստանի անկախությանն ու ազգային-պետական շահերի կենսունակությանը. ներհայկական և ներհայաստանյան պառակտման ջանքերն ինտենսիվանում են՝ հարվածի տակ դնելով պետական դիմադրողականությունն ու ազգային ինստիտուտները, վիճարկելի դարձնելով համերաշխ ու միասնական ջանքերով հակահայկական թշնամական քաղաքականությանը դիմադրելու մեր ժողովրդի ձգտումը։

Նիկոլ Փաշինյանի քաղաքականապես անհավասարակշիռ քայլերը նպատակ ունեն ամրապնդել իր ղեկավարած խորհրդարանական ֆրակցիայի և իրավապահ համակարգի ենթականերին՝ փորձելով համոզել, որ դեռ տիրապետում է վիճակին: Ձախողված այս մարտավարության ամենավառ դրսևորումը՝ հայության շրջանում և ՀՀ-ում «թշնամու» որոնման անսանձ գործողություններն են: Հայտնի բարերար և գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալումը պարզապես քաղաքական հաշվեհարդար է՝ արդարադատության ի սպառ բացակայությամբ։ Սամվել Կարապետյանը հայության և Արցախի ազգային պայքարի խորհրդանիշերից է, և նրա ձերբակալությունը փորձ է լռեցնելու այն բոլոր հեղինակություններին, ովքեր տարբերվող տեսակետ ունեն և չեն հաշտվում ազգային զիջումների որդեգրված քաղաքականության հետ։ Սա չափազանց վտանգավոր նախադեպ է՝ համազգային հեղինակությունների և գործիչների շրջանում վախի մթնոլորտ ստեղծելու առումով։

Հայաստանը դարձել է դասական ավտորիտար պետություն, որտեղ անհանդուրժողականության սերմանումը դարձել է կիրառելի գործիք՝ ընդդեմ ազգային մտածողության։ ՀՀ իշխանության յոթնամյա այս գործելաոճը համահունչ է աշխարհաքաղաքական այն հոսանքների ուղղությանը, որոնք պայքարում են ազգային մտածողության, ավանդական արժեքների ու պատմական հիշողության դեմ։ Սա ոչ այլ ինչ է, քան պետության ապամոնտաժում և արժեքների նվաստացում:

Genesis Armenia-ն կոչ է անում մեր հայրենակիցներին՝ մերժել ՀՀ իշխանության որդեգրած պառակտման, ազգային, հոգևոր արժեքների ու ինքնության ոտնահարման քաղաքականությունը, դուրս գալ կրավորական կեցվածքից, պահանջել դադարեցնել քաղաքական հետապնդումները:

Ազգերը պարտվում են, երբ ծնկում են հոգեպես և անտեսում արժանապատվությանը հասցված հարվածները», – ասվում է հայտարարության մեջ:

Ռազմագերիներ