
Փաշինյանը երբեք չի դադարում հիասթափեցնել՝ զարմանալիորեն արագ վերածվելով բռնակալի և իշխանության զավթիչի․ ռուս քաղաքական գործիչներ
Գործարար Սամվել Կարապետյանի տանը խուզարկությունների միջոցով քաղաքական մրցակցությունից սարսափող Փաշինյանը մի տեսակ «սև բիծ» է քաշում ինքն իր վրա. РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռոզա Չեմերիսը։
«Նա մոռացել է, թե ինչպես է ժամանակին փոխարինել իր նախորդին՝ Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի համար նոր կյանքի անվերջ խոստումներով։ Նա նաև մոռացել է, որ մարդիկ շատ արագ հոգնում են իշխանությունների դատարկ խոսքերից և խոստումներից, հատկապես՝ այն կառավարության, որը խաբել է իրենց», – ընդգծել է նա։
Պատգամավորի խոսքով՝ Փաշինյանը երբեք չի դադարում զարմացնել և հիասթափեցնել. իշխանության գալով խաղաղության և ժողովրդավարության կարգախոսներով՝ նա զարմանալիորեն արագ վերածվում է քաղաքական բռնակալի և իշխանության զավթիչի՝ անհանդուրժող այլախոհության և անկախ կարծիքների նկատմամբ։
Չեմերիսը նաև նշել է, որ Կարապետյանի կողմից Հայ Առաքելական եկեղեցուն ցուցաբերած աջակցությունը՝ Փաշինյանի հետ հրապարակային հակամարտության ֆոնին, միայն ձևական պատրվակ է Երևանում խոշոր գործարարի տանը կատարված խուզարկությունների համար։
Պետդումայի քաղաքացիական հասարակության զարգացման, հասարակական և կրոնական միավորումների կոմիտեի ղեկավար Յանա Լանտրատովան հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը կասկածի տակ է դնում խղճի և կրոնի ազատության իրավունքի միջազգային հիմնարար սկզբունքները։
Պետդումայի քաղաքացիական հասարակության զարգացման, հասարակական և կրոնական միավորումների կոմիտեի փոխնախագահ Օլեգ Լեոնովը նշել է, որ Սամվել Կարապետյանին հետապնդում են իր հայացքների համար։ Նպատակը, ըստ քաղաքական գործչի, ուրիշներին վախեցնելն է, ցույց տալը, որ անձեռնմխելիներ չկան, և որ նրանք, ովքեր կփորձեն պաշտպանել հավատքը, կհայտնվեն բանտում։
Պետդումայի վերահսկողական կոմիտեի առաջին փոխնախագահ Դմիտրի Գուսևը համարում է, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, պայքար է ղեկավարի աթոռի համար։
Նա նշել է, որ Հայաստանում ընտրությունները տեղի կունենան մեկ տարի անց, և սա միայն սկիզբն է տարբեր իրադարձությունների, որոնք, ըստ քաղաքական գործչի, տեղի կունենան ոչ միայն եկեղեցու և հայ գործարարների նկատմամբ։