
ՀՀ-ում մեկ ամսում ձերբակալվել է կառավարության երկու հակառակորդ․ Reuters
Հայաստանի իշխանությունները ձերբակալել են հայտնի քրիստոնյա հոգևորական, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին և մեղադրել նրան կառավարությունը տապալելու դավադրություն կազմակերպելու համար։ Հայաստանի Քննչական կոմիտեն հայտարարության մեջ նշել է, որ Գալստանյանը և ենթադրյալ համախոհները «ձեռք են բերել ահաբեկչական հարձակում իրականացնելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներն ու գործիքները». գրում է Reuters-ը։ Ինչպես նշվել է, աա այս ամսվա ընթացքում կառավարության հայտնի հակառակորդներից երկրորդի ձերբակալությունն էր, այն բանից հետո, երբ ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ձերբակալվեց իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր անելու մեղադրանքով։
Reuters-ը չի կարողացել անմիջապես կապ հաստատել Գալստանյանի փաստաբանի հետ, իսկ Կարապետյանի փաստաբանները նշել են, որ գործարարը հերքում է իր մեղքը։ Գործակալությունը հիշեցրել է, որ Փաշինյանն իշխանության է եկել 2018 թվականին փողոցային բողոքի ցույցերի ալիքի միջոցով, սակայն 2020 թվականի կարճատև պատերազմում Ադրբեջանին կրած խոշոր պարտություններից հետո հայտնվել է ներքին լուրջ ճնշման տակ։ 2023 թվականին Ադրբեջանը գրավել է Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքը, որտեղ էթնիկ հայերը տասնամյակներ շարունակ վայելել էին փաստացի անկախություն։
Հիմնվելով պարտությունների և տարածքային զիջումների վերաբերյալ ժողովրդական զայրույթի վրա՝ Գալստանյանը և նրա կողմնակիցները անցյալ ամռանը գլխավորել են փողոցային բողոքի ցույցերը՝ պահանջելով Փաշինյանի հեռացումը։ Փաշինյանը, ով 2026 թվականի հունիսին խորհրդարանական ընտրություններ է անցկացնելու, քայլեր է ձեռնարկել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ, չնայած երկու երկրների միջև լարվածությունը մնում է բարձր, և այս տարի հրադադարի խախտման դեպքերի թիվը կտրուկ աճել է։ Նախկինում Խորհրդային Միության մաս կազմող Հայաստանը սահմանակից է Վրաստանին, Ադրբեջանին, Թուրքիային և Իրանին։ Այն Ռուսաստանի պայմանագրային դաշնակիցն է, սակայն վերջին տարիներին Մոսկվայի հետ հարաբերությունները լարված են եղել։ Հեղաշրջման ենթադրյալ դավադրության մասին հարցին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է, որ դա Հայաստանի ներքին գործն է, բայց Ռուսաստանը շահագրգռված է այնտեղ հանգստության և կարգուկանոնի պահպանմամբ։