02 Հուլ
2025
24.3° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ապահովեք ԵԱՀԿ միջազգային դիտորդների մասնակցությունը Բաքվի դատավարություններին․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ  ԽՎ-ում

Ապահովեք ԵԱՀԿ միջազգային դիտորդների մասնակցությունը Բաքվի դատավարություններին․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալաստյանի ելույթը` Պորտոյում կայացող ԵԱՀԿ 32-րդ ԽՎ-ում․

«Հարգելի գործընկերներ,

1951 թվականին վավերացված Ցեղասպանության կոնվենցիան սահմանել է մարդու դեմ ամենածանր հանցագործությունների կանխարգելման և պատժելու իրավական շրջանակը: Սակայն այսօր մենք կանգնած ենք ցավալի իրականության առջև, երբ այս պարտավորությունները անտեսվում են, իսկ միջազգային ինստիտուտները և կազմակերպությունները ձախողել են իրենց հանձնառությունը՝ կանխելու ողբերգական ծանր հետևանքներով ոճրագործությունները:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դրա ցայտուն օրինակն է:

2023 թվականին ավելի քան 120,000 բնիկ հայեր ենթարկվեցին բռնի տեղահանության, որին նախորդել էր Լեռնային Ղարաբաղի ամբողջական և դաժան շրջափակումը։ Հազարավոր մարդիկ զրկված էին սննդից, դեղամիջոցներից և վառելիքից: Ամբողջ մի ժողովուրդ հարկադրվեց բռնի տեղահանության՝ զրկվելով իր հազարամյակների բնօրրանից։

Պատմության ընթացքում առաջին անգամ Լեռնային Ղարաբաղը դատարկվեց իր բնիկ հայկական բնակչությունից: Տները, դպրոցները, մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացվում են կամ հայտնվել են լիակատար վերացման վտանգի տակ: Սա պարզապես հումանիտար ճգնաժամ չէ, այլ էթնիկ զտման դասական օրինակ, որն, ավաղ, իրականացվեց ԵԱՀԿ պատասխանատվության գոտում:

Եվ, այնուամենայնիվ, հակառակ Ադրբեջանի պնդումներին, հատկապես ընդգծում եմ ՝ Ադրբեջանի ագրեսիան չի կարող դիտվել որպես պատմության փակված էջ. հակամարտությունը շարունակում է մնալ ցավոտ իրականություն, քանի դեռ՝

  • 150,000 բնիկ հայերին չի վերապահվել միջազգային անվտանգային երաշխիքների ներքո իրենց վերադարձի անվիճարկելի իրավունքը,
  • ադրբեջանական զորքերը շարունակում են օկուպացնել Հայաստանի շուրջ 200 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք, իսկ բռնապետական ռեժիմի առաջնորդը Հայաստանի որոշ տարածքներ հռչակում է «Արևմտյան Ադրբեջան»,
  • Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները և հայ ռազմագերիները շարունակում են մնալ ադրբեջանական կալանքի տակ՝ չափազանց մտահոգիչ իրողություններում, զրկված արդա դատավարական գործընթացներից։ Վստահելի զեկույցների համաձայն նրանք ենթարկվում են խոշտանգումների և կեղծ դատավարությունների, որոնք խախտում են միջազգային իրավունքի բոլոր նորմերը:

Սա մեկ առանձին ողբերգություն չէ, այլ գլոբալ մակարդակում ինստիտուցիոնալ մեծ ձախողման դրսևորում, ինչպիսին այսօր տեսնում ենք Գազայում, ուր շարունակվող ցեղասպանական ողբերգության նկատմամբ համաշխարհային արձագանքը թերի է և հատվածական՝ աշխարհաքաղաքական շահերով պայմանավորված:

Երբ որոշների տառապանքը գիտակցվում է, իսկ մյուսներինը՝ մնում լուսանցքում, սա, անշուշտ, խարխլում է արդարության ու մարդկային արժանապատվության համամարդկային սկզբունքները:

Ուստի ես կոչ եմ անում Վեհաժողովին և իմ հարգելի գործընկերներին՝

  1. Պահանջել բոլոր հայ ռազմագերիների և կալանավորների անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակումը, իսկ մինչ այդ ապահովել ԵԱՀԿ միջազգային դիտորդների մասնակցությունը դատավարություններին՝ դիտարկելու նպատակով։
  2. Աջակցել ՅՈւՆԵՍԿՕ-ի հրատապ փաստահավաք առաքելության գործուղմանը՝ Լեռնային Ղարաբաղի վտանգված մշակութային ժառանգության նմուշերը փաստագրելու և պահպանելու նպատակով։

Մի լռեցրեք ճնշվածների ձայնը:

Ի պատասխան ադրբեջանցի կոլեգայի․

Ես և իմ ներկայացրած քաղաքական ուժը բարձրացնում ենք միլիոնավոր մարդկանց ձայնը, ովքեր սպասում են երկարատև խաղաղության՝ հիմնված արդարացի լուծումների վրա, ոչ թե ագրեսիայի և ցեղասպանական գործողությունների:

Անհիմն մեղադրանքների փոխարեն՝ ես առաջարկում եմ ադրբեջանցի գործընկերներին ցուցաբերել քաղաքական կամք և թույլ տալ միջազգային դիտորդներին վերահսկել Բաքվում իրականացվող կեղծ դատավարությունները»:

Ռազմագերիներ