
ԵՄ-ն կրկին չի կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի վերաբերյալ
ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները կրկին չկարողացան համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի շուրջ. ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն:
Նրա խոսքով՝ նախարարների ճնշող մեծամասնությունը աջակցել է նոր սահմանափակումներին, սակայն պատժամիջոցների փաթեթն այսօր չի ընդունվել. նախարարը նշել է, որ Սլովակիան, որը նախկինում արգելափակել էր նոր պատժամիջոցների ընդունումը, դեռևս մտահոգություններ ունի 2028 թվականի սկզբին ռուսական նավթից և գազից հրաժարվելու ԵՄ ծրագրի վերաբերյալ, քանի որ միությունը չի տրամադրել էներգամատակարարման երաշխիքներ։
Նա հավելեց, որ հանդիպման ժամանակ «ԵՄ ամենամեծ և ամենաազդեցիկ երկրներից մեկի» նախարարը խոստովանել է, որ նախորդ 17 պատժամիջոցների փաթեթները ոչ մի ազդեցություն չեն ունեցել:
Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 18-րդ փաթեթը ներառում է ռուսական նավթի գնի սահմանաչափի իջեցում, նաև «Հյուսիսային հոսք-1» և «Հյուսիսային հոսք-2» գազամուղների ենթակառուցվածքների օգտագործման արգելք:
Նշենք, որ ԵՄ-ն անցյալ ամիս փորձեց հաստատել նոր սահմանափակումների ցանկ, սակայն հունիսի 23-ին Հունգարիան և Սլովակիան արգելափակեցին սահմանափակումների ընդունումը՝ Ռուսաստանից բնական գազի և նավթի գնման արգելքը անընդունելի անվանելով։