
Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ՄԱԿ ԱԽ-ի լռությունը Իսրայելի գործողությունների հարցում
Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «անգործությունը» Իսրայելի գործողությունների նկատմամբ. այս մասին հայտնում է IRNA-ն:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային խորը մտահոգություն է հայտնել և դատապարտել Սիրիայի հարավում գտնվող Սուվեյդա շրջանում տեղի ունեցած բախումները, որոնց հետևանքով տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել: Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շարունակական անգործությունը տարածաշրջանի երկրների դեմ Իսրայելի ռեժիմի ագրեսիվ գործողությունների նկատմամբ «չափազանց վտանգավոր» է և նպաստում է «օկուպացիոն ռեժիմի աճող անամոթությանը»:
Հիշեցնենք, որ Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Սիրիայի կառավարական ուժերին հարավային Սիրիայի Սուվեյդա նահանգում, այն բանից հետո, երբ նախորդ օրը գերազանցապես դրուզներով բնակեցված քաղաքում բեդվին ցեղերի և տեղի զինյալների միջև բախումների հետևանքով զոհվել էր ավելի քան 30 մարդ։