ABCMEDIA
Հայտարարություն Արցախում հումանիտար աղետի վերաբերյալ տեղի ունեցած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի կապակցությամբ

Հայտարարություն Արցախում հումանիտար աղետի վերաբերյալ տեղի ունեցած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի կապակցությամբ

Ողջունում ենք 2023 թվականի օգոստոսի 16-ին կայացած ՄԱԿ-ի Անվտանգության
խորհրդի նիստը՝ նվիրված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով
Արցախի Հանրապետությունում ծագած հումանիտար աղետի քննարկմանը․
ասված է Արցախի հանրապետության արտգործնախարարության հայտարարության մեջ։

Նշվում է, որ հիասթափեցնող էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում
առանձին պատվիրակությունների փորձը՝ վտանգավոր հավասարակշռություն գտնելու Արցախի ժողովրդի՝
իր հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապրելու ցանկության և նրան բռնի ուժով
հպատակեցնելու և ոչնչացնելու Ադրբեջանի նկրտումների միջև: «Չի կարող լինել փոխզիջում,
մի կողմից՝ ազատության, մարդկային արժանապատվության, խաղաղության և արդարության համընդհանուր
արժեքների և մյուս կողմից՝ մարդկանց ֆիզիկական ոչնչացման նպատակով իրականացվող մարդու
իրավունքների համակարգված և լայնածավալ խախտումների ծայրահեղ դրսևորումների միջև»,-ասված
է հայտարարության մեջ։

Արցախի ԱԳՆ-ն ակնկալում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ
երկրները կցուցաբերեն հետևողականություն և սկզբունքային դիրքորոշում Արցախի ժողովրդի
նկատմամբ հետագա հանցավոր գործողությունները կանխելու գործում և իրենց դիրքորոշումը
կամրապնդեն բանաձևի ընդունմամբ, որը կպարտավորեցնի Ադրբեջանին վերացնել Լաչինի միջանցքի
անօրինական շրջափակումն առանց որևէ նախապայմանի և այլընտրանքային երթուղիների հետ փոխկապակցության։