
Վրաստանը ռազմավարական գործընկերություն է հաստատել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Բոճորիշվիլի
Վրաստանը ռազմավարական գործընկերություն է հաստատել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ վրացական «Առաջին ալիք»–ի եթերում հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։
Նա նշել է, որ իր երկրի համար գլոբալ անվտանգության հարցերում գերակա խնդիրը հարևանների հետ հարաբերությունների զարգացումն է։
Նախարարն ընդգծել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ ռազմավարական գործընկերությունը հատուկ նշանակություն ունի Թբիլիսիի համար։
«Գլոբալ անվտանգության մասին խոսելիս մենք պետք է սկսենք առաջին հերթին մեր հարևանների հետ հարաբերություններից։ Վրաստանը ռազմավարական գործընկերություն է հաստատել երեք հարևանների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և երեք երկրների հետ հարաբերությունները մեզ համար շատ արժեքավոր են», – նշել է արտաքին գործերի նախարարը։
Նա նաև հիշեցրել է, որ Թբիլիսիում տեղի է ունեցել Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպումը։ Նախարարը վստահություն է հայտնել, որ այս ձևաչափը կշարունակվի։
«Մենք պատրաստ ենք մասնակցել տարածաշրջանի համար կարևոր հարցերի քննարկմանը», – ընդգծել է նա։