
Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում գործող վերջին հիվանդանոցներում տասնյակ պաղեստինցիներ են զոհվել
Իսրայելի զինված ուժերը նոր հարձակումներ են սկսել Գազայում՝ թիրախավորելով դեռ գործող մի քանի հիվանդանոցների շրջակայքը։ Միևնույն ժամանակ Գազայում ընթացող ցամաքային գրոհը շարունակում է մեծ թվով խաղաղ բնակիչների մահվան պատճառ դառնալ. գրում է Al Jazeera-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ միայն հինգշաբթի իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 83 պաղեստինցի։
Հրթիռային հարվածներ են հասցվել «Ալ-Շիֆա» և «Ալ-Ահլի» հիվանդանոցների շրջակայքում՝ խաթարելով սոված, հիվանդ ու վիրավոր մարդկանց համար մնացած վերջին փխրուն փրկօղակները։ «Ալ-Շիֆայի» մոտ զոհվել է առնվազն 15 մարդ, իսկ մեկ այլ հարձակման հետևանքով «Ալ-Ահլիի» մոտ զոհվել է ևս 4 մարդ։
ՀԱՄԱՍ-ը հարձակումները որակել է «ամբողջական պատերազմական հանցագործություն»՝ ընդգծելով, որ դրանք տեղի են ունեցել «ՄԱԿ-ի նոր զեկույցի հրապարակումից մոտ 24 ժամ անց, որը խոսում է Իսրայելի վարչախմբի իրականացրած ցեղասպանության մասին»: ՀԱՄԱՍ-ը հարվածները ներկայացրել է որպես «մերժման և միջազգային հանրության հանդեպ բացահայտ արհամարհանքի ակնհայտ ուղերձ»։
Մեծ Բրիտանիայի Մերձավոր Արևելքի հարցերով նախարար Հեյմիշ Ֆոլքները հայտնել է, որ «սարսափահար» է Գազայի ևս մեկ հիվանդանոցի՝ երեխաներին սպասարկող «Ալ-Ռանթիսիի» գիշերային ռմբակոծությունից։
«Ինկուբատորներում գտնվող երեխաները և դիալիզի տակ գտնվող հիվանդները չպետք է լինեն ռմբակոծության տակ»,– գրել է նա սոցիալական ցանցերում։
Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ մանկական հիվանդանոցը երեք անգամ հարվածի է ենթարկվել, ինչի հետևանքով 40 հիվանդ հարկադրաբար դուրս է բերվել։ Մյուս 40-ը դեռ մնում են ներսում բուժանձնակազմի հետ: