
Պատերազմը խաթարում է մարդկանց կյանքը, խորը վերքեր է հասցնում, իսկ դրա ծանր հետևանքները մնում են երկար տարիներ․ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար
Եվրամիության (ԵՄ) ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն այցելել է օկուպացված Արցախ․ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Իմ այցը Աղդամ և ընդհանրապես Ղարաբաղ՝ խորը տպավորություն թողեց իմ վրա։ Ձեր կառավարության կողմից այս շրջաններում իրականացվող վերականգնման և վերակառուցման աշխատանքները, երկարատև պատերազմից վնասված և ավերված հողերի վրա նոր կյանք կառուցելու ջանքերը իսկապես գովելի են։ Ես բարձր եմ գնահատում ձեր կառավարության վճռականությունը՝ նոր քաղաքներ, ժամանակակից ենթակառուցվածքներ և սոցիալական հաստատություններ կառուցելու, ինչպես նաև մարդկանց իրենց հայրենի հողեր վերադարձնելուն ուղղված քայլերը», – ասել է նա օկուպացված Ակնա այցելության ժամանակ։
«Այս ուղևորությունն իմ մոտ կարևոր հիշողություններ թողեց։ Ես կցանկանայի ընդգծել երեք հիմնական կետ. առաջինը՝ ոչ մի պատերազմ լավ արդյունքներ չի տալիս։ Պատերազմը խաթարում է մարդկանց կյանքը, խորը վերքեր է հասցնում, իսկ դրա ծանր հետևանքները մնում են երկար տարիներ։ Երկրորդ՝ խաղաղությունը հնարավոր է։ Խաղաղության համար անհրաժեշտ է դադարեցնել պատերազմը, քայլեր ձեռնարկել հաշտեցման ուղղությամբ և կենտրոնանալ ապագայի այս տեսլականի վրա։ Ադրբեջանի և Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը դրա օրինակ են։ Երրորդ՝ Եվրամիությունը պատրաստ է աջակցել այս գործընթացին։ Հուսով եմ, որ այսօր կստորագրվի ֆինանսական համաձայնագիր և որ այս փաստաթուղթը ֆինանսական օգնություն կտրամադրի տարածաշրջանի զարգացմանը, մասնավորապես՝ առողջապահական համակարգի ամրապնդմանը», – ասել է Մարթա Կոսը, վստահություն հայտնելով, որ «Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունները կհասնեն նոր մակարդակի և որ այս համագործակցությունը օգտակար կլինի երկու կողմերի համար»։
Կոսը նախկինում հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, իսկ սեպտեմբերի 19-20-ը կայցելի Հայաստան։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բաքու, օկուպացված Ակնա այցից հետո, սեպտեմբերի 19-20-ը Հայաստան կայցելի ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։